Իսկ դուք տեղյա՞կ էիք, որ այս տարի աշխարհի չեմպիոն միայն Լալայանն է եղել: Իսկ ո՞վ է պատրաստել այդ աշխարհի չեմպիոնին, մարզիչը: Ես եմ միայն աշխարհի չեմպիոն տվել: Ահա՝ որքան է ձեր գիտելիքները սպորտային լրագրությունից

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Դեկտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված մարզական լրագրողների «Տարվա լավագույնների» քվերակության արդյունքներով Փաշիկ Ալավերդյանը չի ճանաչվել տարվա լավագույն մարզիչ: Այդ փաստը վրդովեցրել է հավաքականի մարզիչին:

Լավագույնն է ճանաչվել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Փաշիկ Ալավերդյանը հայտնեց իր դժգոհության մասին եւ լրագրողներին մեղադրեց ոչ անաչառ ընտրություն կատարելու մեջ:

«Տարին ինձ համար շատ բերքառատ էր: Մասնակցել ենք 5 մրցաշարի, քիչ մեդալ ենք բերել միայն աշխարհի առաջնությունից, բայց դա էլ ունի իր պատճառները: Ամեն դեպքում ես նվաճել եմ այնպիսի մեդալ աշխարհի առաջնությունում, որ Հայաստանի մյուս մարզաձեւերում այդպիսի արդյունք չի գրանցվել:

Ունեցել ենք 136 մեդալ, որից 57 ոսկի, 39 արծաթ 40 բրոնզ: Ես 57 անգամ ստիպել եմ աշխարհում հնչի Հայաստանի հիմնը եւ բարձրանա դրոշը: Իմ թիմի դեմ աշխարհ չկա:

Ինձ Եվրոպան է ճանաչել լավագույնը, իսկ դուք քվեարկել եք մարդկանց հասակով, աչքերի գույնով, մազերով:

Առաջին անգամ մասնակցել ենք աշխարհի գավաթի մրցաշարին եւ նվաճել ենք 4 ոսկե մեդալ: Որտեղ անցկացվում է աշխարհի, Եվրոպայի առաջնություն, ի հեճուկս ձեզ, Փաշիկ Ալավերդյանն իր ուրույն տեղն ունի, իմացեք:

Աշխարհի առաջնությունում ձախողումներ ունեցանք: Ո՞վ էր ասում՝ Օլիմպիական տարում աշխարհի առաջնություն անցկացնեին: Ծանրորդն իրավունք ունի տարվա ընթացքում մասնակցել միայն 3 խոշոր մրցաշարի, 4-րդն էլ անցողիկ պետք է լինի, քանի որ ֆիզիկապես նա չի հասցնում վերականգնվել, իսկ իմ թիմն այս տարի չի հանգստացել: Չմասնակցել չէինք կարող: Ես անցյալ տարվա աշխարհի չեմպիոն թիմ ունեմ: Այս տարի ամոթ էր, որ ես չմասնակցեի: Ես ուզեցա մասնակցեմ, որ ասեն սա աշխարհի չեմպիոն թիմն է: Առաջինը ինձ подножка տվեց Սիմոն Մարտիրոսյանը, ասաց՝ մեջքս ցավում է: Դրանից հետո ինձ վրա մնաց նրա տոմսի գինը եւ այն գումարը, որը մուծել էինք այնտեղ 3000 դոլար:


Դուք՝ լրագրողներդ, կողքից կեղտ եք ման գալիս: Դուք չնվաստացրի՞ք ինձ ձեր ընտրությունով: Իմ մարզիկներից 4-ը հաղթել են տարբեր անվանակարգերում: Հայաստանի լավագույն մարզիկն իմն է: Դուք սպորտի հետ ոչ մի կապ չունեք: Ես լրագրողների քվեարկությունից ավելի քիչ դժգոհություն ունեմ, քան Կարեն Գիլոյանը պետք է ունենա, քանի որ իր ձեռքին ունեցած սպորտային լրագրողի դիպլոմը փշրվեց այդ ընտրությամբ:

Վերադառնալով իմ սաներին, Լալայանի մասին խոսք չկա, բայց նրա դեմ մեծ հսկաներ են պայքարում: Հեշտ չդարձավ աշխարհի չեմպիոն: Նա էլ է գիտակցում, որ կարող էր լինել 2-րդը, 3-րդը, եթե հատկապես Գոռ Մինասյանը վնասվածք չունենար, պայքարն ավելի բարդ էր լինելու: Իրաքցի երիտասարդ մարզիկ կար, որն ավելի վտանգավոր է, քան երկու իրանցիները, որոնք ոչ մի անգամ չեն կարողացել հաղթել Լալայանին: Լաշա Տալախաձեն, ի տարբերություն ձեզ, առաջինն է շնորհավորել Լալայանին: Նրա ռեկորդները մենք չենք կարող սահմանել: Նրա անձնական քաշը 189 կգ է: Մենք կփորձենք նոր ռեկորդներ սահմանել:


Ալեքսանդրա Գրիգորյանը ապագայում Օլիմպիական խաղերի լավագույն մասնակիցը պետք է լինի: Նա մոտ է օլիմպիական մեդալին: Էմմա Պողոսյանը նույնպես կարող է:

2025 թվականին ունենք աշխարհի առաջնություն Ֆյորդեում: Նոր քաշային կարգեր են գործելու: Քաշային կարգերը 8-ն են: Օլիմպիականը ցանկանում են դարձնել 7-ը: Եվրոպայի առաջնությունը լինելու է Մոլդովայում:

Այնտեղ փաստաթուղթ են ուզել, որ դու պեդոֆիլ չես, բանկրոտ չես, դատված չես, հայր ու մայր ունես: Ես ո՞ւմից թուղթ վերցնեմ, որ պեդոֆիլ չեմ: Ասում են՝ կամ եկեք փաստաթղթով, կամ իրավունք չունեք մասնակցելու:

Այս տարի ես պետական բյուջե վերադարձրել եմ 13 միլիոն դրամ: Սիմոն Մարտիրոսյանի գումարներ էլ կտամ, կլինի 14 միլիոն: Իրավունք չունեմ պետության փողերը քամուն տալ: Ահա, թե ինչպիսին պետք է լինի գլխավոր մարզիչը: Եթե ես էլ չլինեմ, մյուս մարզիչից էլ կպահանջեք այս մոտեցումը:

Տարին կսկսենք փետրվարին Հայաստանի առաջնություով, եթե իհարեկ, դահլիճն ամբողջությամբ պատրաստ լինի: Երկու տարի է սպասում ենք այդ դահլիճին: Իմ «դարդը» կառավարության որոշումներն են նաեւ:

Մեր տեղը տոմսեր են գնում, դեռ 5 տոկոս էլ պահում են իրենց: Ինձ ստիպում են մեկնել մրցաշարի իրենց գնած տոմսով, 12 ժամ մնալ օդանավակայում, հասնել մրցավայր ու առավոտյան անմիջապես մասնակցել: Այդպես չի կարելի է: Հայաստանում սպորտը կզարգանա, եթե առանձին նախարարություն կամ վարչություն լինի:

Ես կողմ եմ եղել, որ լավագույններին ընտրեն միայն լրագրողները:

Իսկ դուք տեղյա՞կ էիք, որ այս տարի աշխարհի չեմպիոն միայն Լալայանն է եղել: Իսկ ո՞վ է պատրաստել այդ աշխարհի չեմպիոնին, մարզիչը: Ես եմ միայն աշխարհի չեմպիոն տվել: Ահա թե որքան է ձեր գիտելիքները սպորտային լրագրությունից»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը: