Գինեսի եռակի ռեկորդակիր, մարմնամարզիկ, սպորտի վարպետ Դավիթ ֆահրադյանը, ով ռեկորդներ է սահմանել 2009, 2010, 2011 թվականներին, պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել առաջիկայում: Տեղեկացնելով այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում` մարմնամարզիկը նշեց, որ անցյալ տարին անցավ մարզումային. ռեկորդային պլաններ չեն եղել: «Սակայն արդեն նոր ռեկորդի հայտ կա: Լոնդոնի կենտրոն ենք դիմել նոր ռեկորդի համար: Դա բացառիկ է, քանի որ չի կայացել դեռ ոչ մեկի կողմից: Կատարելու եմ Հայաստանում , իրենք էլ են շահագրգռված, որ դա սահմանվի, - տեղեկացրեց նա: Մանրամասնելով նոր ռեկորդի էությունը` մարզիկը նշեց, որ դա նոր և բարդ ձև է, որը կատարվելու է պտտաձողի վրա պտույտների միջոցով, սակայն այլ բռնվածքով: «Կոչվում է հակառակ բռնվածքով, շատ բարդ ձև է համարվում: Կոնկրետ թիվ չեն ասել, թե քանիսն է պետք անել ռեկորդ սահմանելու համար, քանի որ շատ բարդ է, իրենց հետ բանակցությունների հետ զուգահեռ քննարկվում է, թե քանիսն է պետք անել, քանի որ եթե մեծ թիվ ասեն, ժամանակ պետք կգա պատրաստվելու համար», - պարզաբանեց նա: Նա նշեց, որ քանի որ դա բարդ է, մարզումների ընթացքում կատարում է դեռ 50-60 պտույտ և չգիտի, թե դա որքանով է մոտ Լոնդոնի կենտրոնի ասած թվին: Մարզիկի խոսքերով, իրենց մոտ կանոնադրության փոփոխություն է եղել, և պետք է տեխնիկապես մաքուր կատարվի, ոտքն ու ձեռքը չպետք է ծալվի, որը նախկինում չի եղել: «Նախկինում ռեկորդի սահմանման փորձեր եղել են, սակայն իրենց կանոնադրությունն ամեն տարի փոխվում է, և ռեկորդը դեռևս չի սահմանվել», - նշեց նա` հավելելով, որ կենտրոնին դիմել է անցյալ ամիս և պատասխան է տրվում մոտ վեց ամսվա ընթացքում: Անդրադառնալով դրսից եկող հրավերներին` նա նշեց, որ դրանք եղել են, սակայն կրում են այլ բնույթ, քանի որ եթե հրավիրում են, ցանկանում են, որ իրենց դրոշի ներքո հանդես գա, որը մարզիկը ճիշտ չի համարում: «Ես այժմ չեմ տեսնում այդ նպատակը, ինչքան ուժս ների, այնքան հանդես կգամ իմ երկրի ներքո», - եզրափակեց Դավիթ Ֆահրադյանը: