Հնագետները հայտնաբերել են 1500 տարվա վաղեմության վանք՝ խճանկարային հատակով, որի վրա փորագրված է Աստվածաշնչից հատված, որն օրհնում է բոլոր ընթերցողներին, գրում է Daily Mail-ը։

«Երանի քեզ, երբ ներս մտնես, և երանի քեզ, երբ դուրս գաս»,- ասվում է հին հունարենով գրված հատվածում, որը գտնվում է բարդ ձևավորված հատակի կենտրոնում:

Հայտնագործությունը կատարվել է իսրայելական Կիրյաթ Գաթ քաղաքի մոտ, երկուշաբթի հայտնել է Իսրայելի հնությունների վարչությունը (IAA)՝ այն անվանելով այդ տարածքում հայտնաբերված ամենամեծ և նշանակալի վայրերից մեկը։

Վանքի պատմությունը սկսվում է մ.թ. հինգերորդ-վեցերորդ դարերից, երբ այն գտնվում էր Բյուզանդական կայսրության տիրապետության տակ, որը հայտնի է նաև որպես Արևելյան Հռոմեական կայսրություն։

Այդ տարիներին քրիստոնեությունը տարածվեց և կառուցվեցին կարևոր կրոնական շինություններ, օրինակ՝ Երուսաղեմի Սուրբ Գերեզման եկեղեցին։ Նորահայտ վանքը գտնվում է հնագույն բնակավայրում, որը հիմնադրվել է նախորդ հռոմեական ժամանակաշրջանում, սակայն գոյատևել է մոտ 600 տարի մինչև բյուզանդական շրջանի վերջը։


«Սա հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանների ամենամեծ և նշանակալի կառույցն է, որը հայտնաբերվել է այդ տարածքում», - ասում են պեղումների տնօրեններ Շիրա Լիֆշիցը և Մաայան Մարգուլիսը:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև առնվազն տասը շինությունների մնացորդներ, գինու հնձան և մեծ պահեստային շենք: