ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (ՆԱՆ) ընդլայնել է ամերիկյան իրավապահների լիազորությունները՝ նրանց թույլ տալով վտարել անլեգալ միգրանտներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց իմիգրացիոն դատարանի թույլտվության։
«Այս փոփոխության արդյունքը կդառնա ազգային եւ հասարակական անվտանգության ամրապնդումը՝ միաժամանակ նվազեցնելով պետական ծախսերը, հեշտացնելով ներգաղթի վերաբերյալ որոշումների արագ կայացումը»,- նշվել է գերատեսչության հրամանում, որը տրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը: ՆԱՆ տեղեկացմամբ՝ այս որոշումը «կապահովի Միացյալ Նահանգներից այն մարդկանց վտարումը, ովքեր իրավունք չունեն մուտք գործել եւ մնալ [երկրում], ինչպես նաեւ չունեն վտարումից պաշտպանվելու իրավունք»:
Ինչպես պարզաբանել է The New York Times-ը, նախկինում արտաքսման արագացված ընթացակարգը կիրառվում էր հիմնականում հարավային նահանգներում, որոնք բախվում են անօրինական միգրանտների մեծ հոսքին։ Այժմ թույլատրվում է արագացված ընթացակարգով նրանց արտաքսել ԱՄՆ ողջ տարածքում։