Քացախով թունավորման հետեւանքով մահացած Օլեգ Գուսովի ընտանիքի հայցի վերաբերյալ նախապատրաստական դատական նիստը տեղի կունենա փետրվարի 14-ին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ընտանիքի փաստաբան Այրաթ Խիկմատուլինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2024թ. փետրվարին մահացած վլադիկավկազցի 65-ամյա գործարար Օլեգ Գուսովի մահվան գործով հետաքննությունը, իբր, «Ջերմուկ» հանքային ջրով թունավորվելու պատճառով, ժամանակավորապես դադարեցվել է։
Գուսովի այրին եւ դուստրերը վնասի փոխհատուցման հայց են ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցում 1,5 մլրդ ռուբլու չափով եւ արտադրանքի վաճառքի կասեցում։ Պատասխանողներ են նշված հայկական «Ջերմուկ Գրուպ»-ը եւ անհատ ձեռներեց Իգոր Իսուպովը։
«Նախապատրաստական նիստը կկայանա փետրվարի 14-ին»,- նշվել է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն նախկինում հերքել էր կապն իր արտադրանքի եւ դժբախտ դեպքի միջեւ։ Ընկերությունում հայտնել են, որ Գուսովի մահից հետո Հայաստանի իրավասու մարմինները ստուգումներ են իրականացրել եւ ռուսական կողմին տրամադրել համապատասխան ապացույցներ։ Ստուգումներ են իրականացվել նաեւ Ռուսաստանում։ Դրանց արդյունքները նույնպես ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։