ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը։ Երեքշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նաեւ հույս է հայտնել, որ իր շփումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ կկայանա «շատ շուտով»։
Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան նոր վարչակազմը կշարունակի՞ զենք մատակարարել Կիեւին, թե՞ դիտարկում է մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը։ «Մենք կուսումնասիրենք այս [հարցը]։ Մենք կապի մեջ ենք [Վլադիմիր] Զելենսկու հետ։ Մենք շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է հանրապետականը, որը երկուշաբթի երդվել է որպես ԱՄՆ 47-րդ նախագահ։
ԱՄՆ նախագահն ընդգծել է այն դիրքորոշումը, որ եվրոպական երկրները պետք է զգալիորեն մեծացնեն Կիեւին աջակցելու ծախսերը։ «Սա ավելի շատ իրենց է վերաբերում, քան մեզ։ Մեր միջեւ օվկիանոս կա»,- շարունակել է Թրամփը՝ մեջբերելով տվյալներ, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը իր նախորդի՝ Ջո Բայդենի կառավարման օրոք 200 մլրդ դոլարով ավելի է ծախսել այդ նպատակների վրա, քան ԵՄ-ը։ «Եվրամիությունը պետք է հավասարվի մեզ»,- պնդել է նա՝ կրկնելով նաեւ այն թեզը, որ ՆԱՏՕ երկրները պետք է պաշտպանական ծախսերը հասցնեն ՀՆԱ 5 տոկոսին։