ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «մասամբ նահանջել» է այլ երկրներին օգնության ծրագրերի դադարեցման հրամանագրից՝ բացառություններ անելով «կենսականորեն անհրաժեշտ հումանիտար օգնության» համար, գրել է New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ծառայողական գրառմանը։


Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը հրաման է ստորագրել 90 օրով դադարեցնելու այլ երկրներին զարգացման աջակցության տրամադրումը, որպեսզի գնահատի այդ ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։

«Թրամփի վարչակազմը մասամբ հետ է կանգնել ԱՄՆ գրեթե բոլոր արտաքին օգնության ծրագրերը դադարեցնելու հրամանից՝ նոր բացառություններ անելով «կարեւոր մարդասիրական օգնության» համար, գրել է New York Times-ը։

Ըստ պարբերականի՝ գրառման մեջ ասվում է, որ նման ծրագրերը «պետք է շարունակվեն կամ վերսկսվեն, եթե դրանք դադարեցված են»։

Ըստ թերթի՝ գրառման մեջ նշվել է, որ նման օգնությունը ներառում է կյանք փրկող տարրական դեղերի, բժշկական ծառայությունների, սննդի, ապաստանի, կենսամակարդակի ապահովմանն ուղղված օգնություն:

Նշվել է, որ օգնության այս տեսակները չեն ներառում աբորտի ծառայությունները, ընտանիքի պլանավորման կոնֆերանսները, ինչպես նաեւ բազմազանության, արդարության եւ ներառական (DEI) ծրագրերը, «տրանսգենդերային վիրահատությունները» եւ ցանկացած այլ օգնություն, որը «կենսականորեն անհրաժեշտ» չէ:

The Wall Street Journal պարբերականն, իր հերթին, գրել է, որ պետդեպարտամենտի պաշտոնյաները դեռ պետք է հստակեցնեն, թե արդյոք այլ երկրների օգնության ծրագրերի դադարեցման մասին հրամանագիրը վերաբերում է գերատեսչության կողմից Ուկրաինայի եւ Թայվանի համար զենքի գնման ֆինանսավորմանը։