ՀՀ կառավարության որդեգրած «իրական Հայաստանի» առանցքային դրույթներից մեկն այն է, որ պետությունը բարեկեցություն կառուցելու գործիք է քաղաքացիների համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքը, ըստ այդ սկզբունքի, բարեկեցությունը կարող է կառուցել միայն աշխատանքի եւ կրթության, այսինքն կրթության միջոցով ավելի արդյունավետ ու արտադրողական դարձող աշխատանքի, նաեւ անհատական ջանքի միջոցով:

Փաշինյանն անդրադարձավ համընդհանուր հայտարարագրման համակարգին՝ նշելով. «Համընդհանուր հայտարարագրման արդյունքում քաղաքացիներն իրենց վճարած եկամտային հարկից տարեկան մինչեւ 100 հազար դրամ կարող են հետ ստանալ առողջության ապահովագրության, ատամնաբուժության, բուհերում, քոլեջներում եւ վճարովի դպրոցներում ուսման վճարների, հանրակրթական դպրոցներում դասագրքերի վարձակալության, մանկապարտեզների վճարների, մարզական ու արվեստի խմբակների եւ դպրոցների, այլ արտադպրոցական կրթական ծառայությունների, նաեւ վերապատրաստման, որակավորման, կրթական ծառայությունների, այսինքն իրենց եւ իրենց երեխաների առողջապահության ու կրթության համար կատարված վճարների դիմաց:

Համընդհանուր հայտարարագրման համակարգը հնարավորություն կտա տարեկան վերը նշված ուղղություններով քաղաքացիների կատարած շուրջ 70 մլրդ դրամի ծախսեր վերադարձնել քաղաքացիներին: Դրա հարակից էֆեկտը կլինի այն, որ իմ թվարկած ոլորտները լրացքուցիչ մի քանի տասնյակ միլիարդ ֆինանսավորում կստանան այդ ճանապարհով»: