Պայթյունը «Ալ առագաստներ» բնակելի համալիրում կարող է կապված լինել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար եւ «Արբատ» գումարտակի ստեղծող Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի հետ, գրել է Mash պարբերականը։


Նրա տվյալներով՝ տղամարդը լուրջ վիրավորում է ստացել, նա վերակենդանացման բաժանմունքում է։

Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ նա անցնում էր սրահով պահապանների ուղեկցությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ պայթյունից զոհվածի ինքնությունը պարզել չի հաջողվել, նրա դեմքը խիստ վնասված է։

Երեք տուժածներ ծանր վիճակում են։ Տուժել են նաեւ էլիտար համալիրի պահակ կինը եւ չորս բնակիչներ։

Ինչպես գրել է քաղաքագետ Դմիտրի Նիկոտինն իր թելեգրամ-ալիքում, զոհերի թվում է Արմեն Սարգսյանի անվտանգության աշխատակից Օլեգ Կասպիրովիչը։ Նախկինում նա եղել է ՆԳՆ ներքին զորքերի Ղրիմի տարածքային հրամանատարության առանձին հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալը։

46-ամյա Սարգսյանը հայտնի է նաեւ որպես Արմեն Գորլովսկի, զբաղվել է Գորլովկայում (ԴԺՀ) մարտիկներ պատրաստելով։

Ավելի վաղ Սարգսյանին Ուկրաինայում մեղադրանքներ էին ներկայացվել, մասնավորապես, անօրինական զինված կազմավորումներին մասնակցելու համար, որոնք մարտական գործողություններ են վարել Ուկրաինայի ԶՈւ-ի դեմ։ Նրա նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարված. նախկինում նա ուկրաինական քաղաքացիություն ուներ։