Միացյալ Նահանգների կառավարությանը պատկանող նավերն այսուհետ կկարողանան անվճար անցնել Պանամայի ջրանցքով։ Այս մասին X-ում հայտնել է պետդեպարտամենտը։
«Միացյալ Նահանգների կառավարության նավերն այժմ կարող են անվճար անցնել Պանամայի ջրանցքով՝ ամեն տարի ԱՄՆ կառավարության համար խնայելով միլիոնավոր դոլարներ»,- նշվել է հաղորդագրությունում:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 2-ին հանդիպել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ հանրապետության մայրաքաղաքում։ Նախագահը հայտնել է ջրանցքի մոտ գտնվող նավահանգիստների, որոնք շահագործում են չինական ընկերությունները, աուդիտի անցկացման մասին։ Մուլինոն նաեւ վստահեցրել է, որ Պանամայի կառավարությունը չի երկարացնի չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու 2017թ. համաձայնագիրը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին իր երդմնակալության ելույթում հայտնել էր Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու» իր մտադրության մասին։ Նա ավելի վաղ ընդգծել էր, որ 1999թ. ջրանցքի վերահսկողության հանձնումը «համագործակցության ժեստ» էր, այլ ոչ թե զիջում այլ երկրներին։