Ինչպես հայտնի է, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործը քննող քննիչի կայացրած երեք որոշումները: Այս մասին գրում է 168.am-ը: Կայքը հիշեցնում է, որ քննիչը որոշում էր կայացրել գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց ազատ արձակելու մասին: Որոշումներից մեկում էլ քննիչը ապացուցված էր համարել, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի արդյունքում սպանված Ավետիք Բուդաղյանը դեպքի օրը Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է գործել: 168.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ դեռևս պատասխան չի ստացել: Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ պատասխան ուղարկվել է միայն Էմիլ Բուդաղյանին, ով բողոքարկել էր քննիչի կայացրած որոշումներից մեկը, որով դադարեցվում էր քրեական հետապնդումը Ավետիք Բուդաղյանի նկատմամբ նրա մահվան պատճառով: «Նա բողոքարկել էր այդ որոշման դեմ: Ասել էր, որ եթե դուք այդ որոշման մեջ համարում եք, որ Ավետիք Բուդաղյանը հանցագործություն է կատարել, ես՝ որպես այդ մարդու իրավահաջորդ, պահանջում եմ, որի իրավունքն ունեմ, որպեսզի այդ գործը քննվի, ես դեմ եմ, որպեսզի այդ դեպքում իմ տղայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, եթե դուք գտնում եք՝ հանցագործ է, քննե՛ք այդ գործը, ուղարկե՛ք դատարան, ես կապացուցեմ, որ ինքը հանցագործ չէ: Սա մերժել են»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ որոշումը բողոքարկվելու է քննիչի վերադաս դատախազի վերադասին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում