Հաղթանակ թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը և նշում են, որ տևական ժամանակ է, որ չեն կարողանում իրենց սեփական հողերի հետ կապված գործարքներ անել, չեն կարողանում գյուղատնտեսական նշանակության հողերի կարգավիճակ փոխել եւ այլն:


Թամասի բնակիչներից Գեղամ Վլասյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրն այն է, որ դեռ ժամանակին հողաբաժանման արդյունքում մարդկանց սեփականության իրավունքը ոտնահարվում է, մարդիկ չեն կարողանում իրենց սեփականաշնորհման վկայականները փոխարինել. «Այս խնդիրները դեռ նախորդ իշխանության օրոք են գեներացվել, իսկ այս իշխանությունների օրոք փոխանակ լուծում տրվեր, ավելի են բարդացվել խնդիրները, մի քանի կետով ավելացել են, որոնք դարձել են արդեն անլուծելի:

Դիցուք, գերեզմանատան հետ կապված խնդիր ունենք. կառավարությունը ինչ-որ միջազգային նորմով հաստատել է, որ յուրաքանչյուր գերեզմանատուն, որը չունի պարսպապատ հատված, 300 մետր շառավղով արդեն սանիտարական գոտի է, իսկ դրան հարակից հատվածները բնակիչների հողատարածքներ են, որոնք չեն կարող շահագործել, հողի նշանակությունը փոխել, վաճառել կամ մեկ այլ գործարք իրականացնել»,-ասաց նա: