«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ հունվարի 31-ին ՀՀ Ազգային ժողովում ուժային կառույցների եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ կայացած հանդիպումից հետո իրավապահ համակարգում լայն թափով սկսել են կրկին ուսումնասիրել անհետ կորածների գործերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործընթացին զուգահեռ ծնողները եւս իրենց ձեռքում հայտնված փաստաթղթերն են ի մի բերում: Ու մինչ ուժայինները առավել խորացված են գործերն ուսումնասիրում, ԱԱԾ-ն հայտնեց, որ 2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Կողմերը կարծիքներ են փոխանակել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ եւ համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջեւ փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն: Սակայն այս հանդիպման մանրամասները հանրությանը անհասանելի են:»
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: