Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը ՀՀ ժողովրդավարության մասին է առաջին հերթին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բովանդակությամբ, որովհետև դժվար էր պատկերացնել անգամ ամենամոտ անցյալում, որ հնարավոր կլիներ նման տեքստ առհասարակ քննարկել հայ իրականության մեջ:
«Ձևի իմաստով էլ է խոսում ՀՀ ժողովրդավարության մասին, որովհետև այն քաղաքացիական նախաձեռնություն է և եկել է Ազգային ժողովի քննարկման՝ քաղաքացիների կողմից: Այո՛, քաղաքական ուժերն են այն նախաձեռնել, բայց քաղաքացիներն են, ըստ էության, իրենց ուղերձը հղել ԱԺ-ին: Այստեղ համեմատականներ են արվում այլ քաղաքացիական նախաձեռնությունների միջև, որոնք ԱԺ-ում չեն քննարկվել, և շատ վատ համեմատականներով են ասվում սրանց մասին»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ դա շատ վիրավորական է առաջին հերթին քաղաքացիների հանդեպ:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե ընտրությունը պարտադրվում է իրենց, Հովհաննիսյանը պարզաբանեց՝ որևէ մեկը որևէ մեկին ոչինչ չի պարտադրում, նշեց՝ գործընթացը բնական է, ՀՀ քաղաքակրթական, քաղաքական ընտրության հարցն է, ինչի մասին ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարել է:
«Ըստ էության, Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության գործընթացը մեկնարկել է այդ օրը, և մենք հիմա այս նախագծով, որը մեր արտախորհրդարանական գործընկերների նախաձեռնությամբ քաղաքացիները ուղարկել են ԱԺ, ըստ էության հաստատում ենք վարչապետի ուղերձը նաև օրենսդրական մակարդակում և մեր քաղաքականությունը կառուցում ենք այդ տրամաբանությամբ: Սրա մասին է այդ նախագիծը»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով՝ այս ճանապարհին բազմաթիվ անելիքներ կան, որոնց մասին շատ ուղիղ պետք է խոսել մեր քաղաքացիների հետ:
«Բավականին դժվար ճանապարհ է սպասում մեզ և՛ տնտեսական իմաստով, և՛ տնտեսվարողների՝ կյանքը բարդանալու իմաստով, որովհետև, սիրելի հայրենակիցներ, մենք պետք է շատ լուրջ աշխատանքներ իրականացնենք, օրինակ՝ ապրանքների որակի բարձրացման ուղղությամբ, ինչը ենթադրում է նոր մոտեցում, վարքագծի փոփոխություն: Թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային շատ-շատ դժվարություններ են լինելու այս ճանապարհին, և մենք սա պետք է գիտակցենք և այս գիտակցումով գնանք: Ոչ թե գիտակցենք, վախենանք և չանենք, այլ գիտակցենք և այս ճանապարհով առաջ շարժվենք»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Նա ընդգծեց՝ մենք չպետք է ապրենք անվտանգ, որովհետև մենք Եվրամիության անդամ ենք, այլ մենք պետք է ապրենք անվտանգ, որովհետև մենք ՀՀ-ն ենք, անկախ պետություն ենք և կարողանում ենք ինքներս կառուցել մեր անվտանգային համակարգը՝ անկախ:
«Մենք ինքներս ենք մեր երաշխիքները անվտանգային ապահովում, այո՛, համագործակցելով ամենատարբեր աշխարհաքաղաքական գործընկերների հետ: Այս օրենքի նախագծի քննարկման ընթացքում մենք, կարծում եմ՝ հակադրությունների դաշտ չպետք է տեղափոխվենք: Այս օրենքի հաստատումով մենք հաստատում ենք այն հանձնառությունը, որ պետք է անենք որպես քաղաքական ուժ և քաղաքացիներ: Ավելի լավ, բարեկեցիկ, քաղաքակիրթ և անվտանգ պետություն կառուցենք մեր քաղաքացիների համար և համագործակցելով այն քաղաքական ընտանիքների հետ, որտեղ դա հնարավոր է իրականացնել՝ ապահովելով Հայաստանի ինքնիշխանությունը և ոչ մի միլիմետր չսակարկելով ՀՀ ինքնիշխանությունը»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով՝ մեր քաղաքացիները այս տրամաբանությամբ պետք է նայեն գործընթացին:
Նրա խոսքով՝ գործընթացը բավական երկարատև ու բարդ է լինելու բոլորիս համար, քանի որ բազմաթիվ օրենքներ են ընդունվելու, օրինակ՝ հայտարարագրման ինստիտուտն այդ օրենքների նախերգանքը կարող է լինել:
«Մենք բազմաթիվ այլ բարեփոխումներ պետք է իրականացնենք մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: Եվ, այո՛, եվրոպական քաղաքակրթություն գնալու համար, օրինակ, պետք է համընդհանուր հայտարարագրում, պարտադիր է ունենալ լավ տրանսպորտ, առողջապահական ապահովագրություն: Մենք պետք է գնանք այս ճանապարհով՝ անցնելով և՛ տեխնիկական, և՛ բովանդակային, և՛ քաղաքական դժվարությունների միջով: Մենք մեկնարկը տվել ենք դեպի եվրոպական քաղաքակրթություն գնալու, թե ինչ ձևով և ինչ ժամկետներում, ապա սա ՀՀ շահերից բխող քաղաքական նպատակահարմարության և քաղաքական որոշման հարց է, որը էլի պետք է գա ժողովրդից»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հնչող մեղադրանքներին, թե իշխանությունն է կանգնած գործընթացի հետևում, գործընթացը բլեֆ է, նկատեց՝ դրանք զարմանալի դիտարկումներ են, քանի որ սա ևս մեկ անգամ խոսում է ՀՀ ժողովրդավարության մասին: