ԱՄՆ վարչակազմը բախվել է Վլադիմիր Զելենսկու համառությանը Ռուսաստանի հետ իրական խաղաղության համաձայնագրի հասնելու բանակցություններում։ Այս մասին Fox News հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
«Ցավոք, նախագահ Զելենսկին տրամադրված չէ խաղաղ բանակցությունների։ Եվ, անկեղծ ասած, խիստ հաճելի էր դիտել, թե ինչպես էին ԱՄՆ նախագահ [Դոնալդ] Թրամփը եւ ԱՄՆ փոխնախագահ [Ջեյ Դի] Վենսը պաշտպանում Ամերիկայի շահերը ողջ աշխարհի առջեւ: Այն, ինչ նրանք տեսնում են փակ դռների հետեւում, ցավոք, նախագահ Զելենսկու եւ ուկրաինական կողմի համառությունն է՝ Ռուսաստանի հետ իրական խաղաղության համաձայնագրի հասնելու փորձերում»,- ասել է Լիվիթը։
Փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում նրանց միջեւ լեզվակռիվ է սկսվել, որի ընթացքում Թրամփը մատնանշել է Զելենսկու անհարգալից վերաբերմունքը, իսկ Վենսը նշել է, որ նա մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին Կիեւին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի ստորագրում տեղի չի ունեցել։ Ավելի ուշ Թրամփը շեշտել է, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել եւ ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամություն չի հայտնել։