ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ապրիլի 2-ից ներմուծվող ապրանքների համար նոր՝ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Այս մասին նա հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում երկրում տիրող իրավիճակի եւ ներքին ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին ելույթում։
«Եթե դուք չեք արտադրում ձեր արտադրանքն Ամերիկայում, ապա Թրամփի վարչակազմի օրոք դուք կվճարեք մաքսատուրքեր, իսկ որոշ դեպքերում՝ բավական նշանակալի։ Մյուս երկրները տասնամյակներ շարունակ կիրառել են մաքսատուրքերը մեր դեմ, եւ հիմա մեր հերթն է դրանք օգտագործել նրանց դեմ։ Եվրամիությունը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան եւ Կանադան մեզանից միջինը շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան մենք նրանցից: Սա չափազանց անարդար է»,- ասել է Թրամփը։
Նախագահն ընդգծել է, որ ցանկացել է սակագների ներդրման ժամկետը նշանակել ապրիլի 1-ին, սակայն որոշել է այն թողնել ապրիլի 2-ին՝ ապրիլի 1-ի հետ զուգորդումից խուսափելու համար։ «Ես շատ սնահավատ մարդ եմ։ Ապրիլի 2-ից ուժի մեջ են մտնում փոխադարձ սակագները։ Ինչ որ մեզ վրա դնեն, մենք էլ իրենց վրա ենք դնելու։ Սա կլինի փոխադարձ գործողություն. ինչ որ անեն, մենք նույն կերպ կպատասխանենք»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։
«Հնդկաստանը մեզանից գանձում է ավտոմեքենաների 100 տոկոսից բարձր սակագներ: Չինաստանի միջին մաքսատուրքը մեր ապրանքների համար երկու անգամ ավելի բարձր է, քան մերը, իսկ Հարավային Կորեայինը՝ չորս անգամ։ Մտածեք դրա մասին. չորս անգամ ավելի բարձր: Եվ միեւնույն ժամանակ մենք Հարավային Կորեային հսկայական ռազմական եւ այլ օգնություն ենք տրամադրում։ Բայց նրանք հենց այդպես են վարվում մեզ հետ»,- ավելացրել է նախագահը։