Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան հանդիպումը:

Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան - Վրաստան հանդիպման ոչ ավել, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի իր անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը՝ մարտի 20-ին՝ առավոտյան ժամը 9-ին:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու հնարավորություն ունենալու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ մինչև 30 րոպեի ընթացքում:

Չնայած մի քանի օր առաջ ֆան-ակումբների կողմից արված հայտարարությանը՝ նրանցից ոչ մեկը պաշտոնապես չի դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տոմսերի հետ կապված որևէ հարցով: Ֆան-ակումբների համար սահմանված տեղերը մարզադաշտի տրիբունաներում և նրանց հատկացվող տոմսերի քանակը նախորդ հանդիպումների համեմատ մնացել են անփոփոխ: Կոչ ենք անում ազգային հավաքականի հանդիպումներից առաջ չդիմել նման մանիպուլյացիաների:

Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք բոլորին մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ:

Տոմսերի գները

Արեւելյան տրիբունա՝ 5 000 -12 000 դրամ

Արեւմտյան տրիբունա՝ 12 000 դրամ

Հարավային տրիբունա՝ 1 000 - 3 000 դրամ

Հյուսիսային տրիբունա՝ 1 000 - 3 000 դրամ