«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են, թե ով կամ ովքեր են լինելու հաջորդ պատգամավորները, որոնց հետեւից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով ու կզրկի անձեռնմխելիությունից։ Իսկ որ բացի Տարոն Մարգարյանից եւ Հովիկ Աղազարյանից էլի օրենսդիրներ կան իրավապահ համակարգի թիրախում, մեր աղբյուրները չեն բացառում:
Խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավորներից երկուսի մասին է, որոնց անունները առայժմ չենք հրապարակում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի հունվարի 11-ին գրել էր, որ գարնանային սրացումներ են սպասվում ինչպես կալանավորումների տեսքով, այնպես էլ այլ ձեւաչափով, նոր «մասկի շոուների» ականատես կլինենք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը խստորեն հրահանգել է առաջիկայում գետնի տակից էլ լինի հիմքեր պեղել, եթե դրանք չկան էլ «ստեղծել» ու գործեր հարուցել, կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին, ովքեր կփորձեն քննադատել կամ ինչ-որ քայլով դեմ գնալ իշխանությանը:
Կարելի է ասել՝ սա նախընտրական փաշինյանական հնարք է՝ ընտրություններից առաջ ընդդիմախոսներից ձերբազատվելու: Այլ կերպ ասած, Փաշինյանն ընտրություններից առաջ մաքրում է քաղաքական դաշտը, որպեսզի ասպարեզում մնան միայն իրեն հավատարիմ ու իր «սրտի ընդդիմությունը», որը ցանկացած դեպքում պատրաստ կլինի գործարքի գնալ ՔՊ-ի հետ, եւ մի երկու զազրախոսներ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: