Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար սա կոնկրետ արդյունք է: Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից ճշտելու հնարավորությունից: Այս մասին թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ այս ընթացքում մի քանի հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ է ունեցել, նաեւ ԱԳ նախարարներն են շփվել ու շարունակում են շփվել. «Պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան շարունակվի, կանգ չառնի: Սա էլ կախված է երկու երկրների առաջնորդների, կառավարությունների քաղաքական կամքից: Ես տեսնում եմ քաղաքական կամք, այլ բան, որ դա նույնպես փոխադարձաբար պետք է զարգանա։ Միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում այն է, որ Թուրքիան սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։ Մենք պատճառահետևանքային կետը կորցրել ենք, և անցել ենք բարդությունների և կատակլիզմների միջով, բայց հիմա այս հարցի ձևակերպումը փոխելու հնարավորություն կա»:

Հարցին, թե Հայաստանը և Թուրքիան ապագայում կկարողանան համագործակցել 3-րդ երկրում, Փաշինյանը պատասխանեց․

«Միջազգային ասպարեզում համագործակցության շատ կոնկրետ փաստեր ունենք։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում մենք շատ կոնկրետ համագործակցության օրինակ ունեցանք, և դա լավ օրինակ է, ինչը ցույց է տալիս, որ այն հարցը, որը բարձրաձայնում եք, կապված ապագայի հետ, այսօր իրողություն է։ Ինչ վերաբերում է երրորդ երկրներին․ այդտեղ առանձնահատկությունն այն է, որ այդ 3-րդ երկրների ինքնիշխանությամբ մենք բնականաբար սահմանափակված ենք և 3-րդ երկրների գործերին միջամտելու մասին չի խոսքը։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք Սիրիայի հարցում, որտեղից ցավոք որոշ անհանգստացնող լուրեր սկսեցին գալ։ Ինչպես կարող ենք համագործակցել․․․նման խոսակցություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև, որը ծավալուն խոսակցություն չի։ Այնուամենայնիվ, այո՛, այդ օրակարգը կա՝ հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, նրանց իրավազորությունը։»