Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Վենեսուելայի թեմի առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը կարևորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում հայապահպանության գործում, նշելով որ եկեղեցին մեծ ներդրում ունի նաև Արցախին սատարելու հարցում:

Երկուստեք կարևորվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացումը` այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առանցքային հիմքերից մեկը: