Մարտի 18-ին՝ ժամը 00:02-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «Skoda» մակնիշի ավտոմեքենան և «GAZ» մակնիշի բեռնատարը. «Skoda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի բեռնատարի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «GAZ» մակնիշի բեռնատարը, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ, «Skoda» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։