Պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած Վիլեն Գաբրիելյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այժմ ավելի ակտիվորեն է լծվելու «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատանքներին:
«Հարգելի հայրենակիցներ, այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր հանդիսանալուց, վերջին մեկ ու կես տարում հանդիսացել եմ նաև «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ:
Այս ընթացքում Միության գործունեության հետ կապված մեծ աշխատանքներ ենք իրականացրել՝ հասցնելով մեր ձայնը տարբեր միջազգային հարթակներ, սակայն միաժամանակ պետք է փաստեմ, որ պատգամավորի կարգավիճակը որքանով որ օգնել է այս գործում, բայց պատգամավորի այլ պարտականությունների կատարման տեսանկյունից միշտ չէ, որ հնարավորություն են տվել լիարժեք լծվել Միության ամբողջական աշխատանքներին:
Ըստ այդմ, հրապարակային հայտարարում եմ, որ այս պահից սկսած՝ լիարժեք լծվելու եմ Միության աշխատանքները կազմակերպելուն, ինչը իրենից ենթադրելու է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատակազմի, տարածքային ստորաբաժանումների, արտերկրյա մասնաճյուղերի կառուցվածքային ձևավորման ամբողջականացում։
Մեր նպատակներն են լինելու հասնել`
– 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանվածների պահանջների և իրավունքների նկատմամբ պետության հստակ քաղաքականության որդեգրմանը,
– Միջազգային հանրության հետ կապերի ամրապնդմանը,
– 1988-1992թթ. Ադրբեջանի տարածքից ավելի քան 500,000 հայ փախստականների բոլոր իրավունքների, այդ թվում` վերադարձի իրավունքի վերականգնմանն Ադրբեջանի կողմից:
Այս կարևորագույն գործում ունենալու ենք ոչ միայն բուն Ադրբեջանից բռնի տեղահանվածների աջակցության կարիքը, այլև ընդհանրապես յուրաքանչյուր Հայի՝ անկախ նրանից՝ կլինի այդ աջակցությունը հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական, գիտական թե ֆինանսական:
Բաց ենք համագործակցելու փախստականների իրավունքները պաշտպանող յուրաքանչյուր կազմակերպության և անհատի հետ, ինչը որ ի սկզբանե էլ եղել է մեր նպատակը` հանդիսանալ լայն կոնսոլիդացիայի միասնական հարթակ:
Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»,- իր էջում գրել է Գաբրիելյանը:
Գաբրիելյանը, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից, նաև նշել՝ մարտի 31-ին Գյումրի քաղաքում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին:
Պատգամավորի ներողության և մանդատը դնելու պատճառը Գյումրիում մարտի 30-ի լույս 31-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններն են: Գաբրիելյանը գինովցած վիճակում փողոցում աղմկել էր, խախտել հասարակական կարգը, վեճի բռնվել լրագրողների հետ և հայհոյել: