Հայաստանի 5 մարմնամարզիկ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլին: Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորորդ փուլը: Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը կմասնակցի հենացատկի վարժությունում: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը հանդես կգան օղակների վարժությունում, երիտասարդ մարմնամարզիկներ, երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը եւ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը կպայքարեն նժույգ թափեր վարժությունում:


Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերին:

Փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր հենացատկում։

Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։

Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել:

Մարտին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է հաղթողի կոչումը։

Օղակների վարժության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը գրավել է 7-րդ տեղը։