Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել է ՝ սրտի կանգից։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ դատական նիստի ընթացքում, երբ մեղադրանքի կողմը միջնորդում էր անթույլատրելի ապացույց ճանաչել պաշտպանության կողմի ներկայացրած որոշակի նյութեր, պաշտպանության կողմն էլ՝ միջնորդել էր հետաձգել դատական նիստը, այդ ընթացքում նիստերի դահլիճում գտնվող մեկ տղամարդ պարբերաբար կանգնում է՝ հայտարարելով, որ ասելիք ունի։


«Դատավորը թույլ չէր տալիս, ինչը բնական է, դահլիճից ամեն մեկը չի կարող կանգնել և հայտարարություն անել։ Դատարանը հորդորեց հանգիստ նստել տեղը, հակառակ դեպքում՝ սանկցիա կկիրառվի։ Նա շարունակեց պնդել, որ կարևոր ասելիք ունի՝ գործի վերաբերյալ, դատարանն էլ՝ նախազգուշական սանկցիա կիրառեց, սակայն տղամարդը շարունակեց պնդել, որ չի հեռանալու՝ մինչև գործի վերաբերյալ կարևոր տեղեկություն չտա։ Այդ պահին դատավորը վեր կացավ, ընդմիջում հայտջարարեց, այդ տղան էլ այլայլված էր, երբ դատավորը գրեթե դուրս էր եկել, այդ տղան բղավեց, որ սպանությունն ինքն է կատարել»,- ասաց Ծառուկյանը՝ պատմելով, որ դրանից հետո իրավիճակը դատարանում գերլարվել է, Նարեկ Սարգսյանն անմիջապես արձագանքեց շատ բուռն, էմոցիոնալ, տպավորություն է, որ նույնիսկ աֆեկտի մեջ ընկավ․ « երեք տարի կալանքի տակ է, մեղադրվում է սպանության մեջ, պնդում, որ անմեղ է, բայց այս ողջ ընթացքում իրեն կոռեկտ է պահել»։ Դատարանում խառնաշփոթ է եղել, սեղան է կոտրվել, այդ տղան փախել է՝ դատավորի ուղղությամբ և դուրս եկավ դատավորի համար նախատեսված դռնով, դուռը փակեցին, որ Նարեկ Սարգսյանի ձեռքից այդ տղային կարողանան փրկել․ «Իրավիճակն աննկարագրելի էր, այնտեղ պետք է լինեիք․․․ դրանից հետո այդ տղան ուր է գնացել, ինչպես են բաց թողել, ով է բաց թողել՝ նման հայտարարությունից հետո։

Ձերբակալեին, պարզեինք՝ ինչ է եղել, հաղորդում ներկայացնեին։ Իջել ենք ներքև՝ սպասելու, քանի որ ընդմիջում էր հայտարարված, կարգադրիչներից մեկը, որն այդ պահին դահլճի կարգուկանոնն էր սպասարկում, իջել է ներքև և մահացել։ Նախնական տվյալներով՝ սրտի կանգ է ունեցել, նաև ասել են, որ շաքարային դիաբետ էլ ուներ։ Հնարավոր է իրավիճակից էլ լինել, հնարավոր է՝ ոչ, դա այս պահին ոչ ոք չի կարող ասել։ Սպասել ենք՝ հասկանալու, թե փրկել հնարավոր է արդյոք, թե ոչ, դատարանում խառնաշփոթ էր»։ Գիշերը փաստաբանը նաև այցելել է ՔԿՀ՝ տեսակցելու Նարեկ Սարգսյանին, վերջինս մի քանի անգամ բժշկի է դիմել, ինքնազգացողությունը վատացել էր։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում։