Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերն» ու Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում անգլիական ակումբը 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, իսկ միլանցիները տանը մարտական ոչ-ոքի խաղացին Մյունխենի «Բավարիայի» հետ՝ 2:2: Առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ «Արսենալը» խփել էր 3 անպատասխան գոլ:
Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: 13-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպել էր «Արսենալի» անգլիացի վինգեր Բուկայո Սական, որը 65-րդ րոպեին բացեց հաշիվը գեղեցիկ գրոհի արդյունքում: 2 րոպե անց «Արքայական ակումբի» պատասխան գոլը խփեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որն օգտվեց հյուրերի ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի կոպիտ սխալից: «Արսենալը» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց բրազիլացի եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելին:
«Ինտեր» - «Բավարիա» խաղի առաջին խաղակեսը ևս գոլազուրկ էր: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնն առաջ մղեց «Բավարիային», սակայն իտալական ակումբը 3 րոպեի ընթացքում 2 գոլ խփեց և առաջ անցավ հաշվի մեջ: Դաշտի տերերից մեկական անգամ աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն ու ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը: Գերմանական ակումբին պարտությունից փրկեց անգլիացի պաշտպան Էրիկ Դայերի գոլը:
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերը» կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Դորտմունդի «Բորուսիային», իսկ «Արսենալն» ուժերը կչափի անգլիական «Ասթոն Վիլային» հաղթած ֆրանսիական ՊՍժ-ի հետ:
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր
«Ռեալ» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:3)
Վինիսիուս Ժունիոր, 67 – Բուկայո Սակա, 65, Գաբրիել Մարտինելի, 90+3
Վրիպում 11-մետրանոցից՝ Բուկայո Սակա, 13 («Արսենալ»)
«Ինտեր» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:1)
Լաուտարո Մարտինես, 58, Բենժամեն Պավար, 61 – Հարի Քեյն, 52, Էրիկ Դայեր, 76