Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՊԵԿ-ից:


ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ալկոհոլային խմիչքների արտադրական տարածքում իրականացվում է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրություն։ Օպերատիվ տեղեկությունը փոխանցվել է Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:


Կեղծ օղիներ արտադրելու և իրացնելու փաստերը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համատեղ համալիր լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հսկիչ գնման արդյունքում ձեռք է բերվել ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ` նույնականացման նշաններով չդրոշմավորված 0․7 լ տարողությամբ 10 շիշ ակնհայտ կեղծ օղի։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտվել է նշված տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել են օղու արտադրության կազմակերպման համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ չժանգոտվող պողպատյա տարա, որը լցված է եղել սպիրտանման հեղուկով։ Հայտնաբերվել է նաև ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ նույնականացման նշաններով չդրոշմավորված տարբեր անվանումներով 82 շիշ օղի։

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն, օղիների արտադրությունը հանդիսանում է ծանուցման ենթակա գործունեություն և արտադրողը պարտավոր է օղիների արտադրության համար ներկայացնել ծանուցում՝ վճարելով նաև տարեկան պետական տուրք։

Պարզվել է, որ նշված հասցեում օղու արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։

Ձեռքբերված տեղեկություններով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ և առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ Քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ կեղծ ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրության և իրացման գործունեություն իրականացնելուց:

Հիշեցնենք, որ անհայտ ծագում ունեցող կեղծ ալկոհոլային խմիչքների ձեռքբերումից խուսափելու նպատակով քաղաքացիները կարող են օգտվել հսկիչ նույնականացման նշանների սկանավորման «E-MARK» բջջային հավելվածից՝ այդ կերպ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից։

Մանրամասները` տեսանյութում: