«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի նախաշեմին՝ 2025 թվականի ապրիլի 22-ին, Մոսկվայում տեղի է ունեցել գրող Գառնիկ Բանյանի՝ «Հիշողություններ մանկությունից և որբությունից» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը, հայտնում է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը։
Գիրքն իրական պատմություններ է ներառում հայ որբերի ճակատագրերի մասին, ովքեր 5-11 տարեկան հասակում Հայոց ցեղասպանության պատճառով հայտնվել են Օսմանյան կայսրության որբանոցներում։ Ամենամեծը՝ Անթուրայի որբանոցը, գործել է Լիբանանում, թուրքական վարչակարգի վերահսկողության ներքո։ Թուրքացման քաղաքականության շրջանակում հայ երեխաներին հարկադրել են հրաժարվել մայրենի լեզվից, հավատքից և ինքնությունից։ Սակայն, նույնիսկ ամենադաժան պայմաններում, հայ փոքրիկները գաղտնի շարունակում էին խոսել հայերեն, աղոթել մայրենի լեզվով և պահել իրենց ազգային ինքնությունը։
Չորս տարվա ընթացքում ընդամենը մեկ երեխա է համաձայնել ընդունել իսլամ, թեև թուրքական իշխանությունները հավատափոխներին առաջարկում էին բարենպաստ պայմաններ և լիարժեք սնունդ։
Բացառիկ այս տոկունությունը դարձել է ուսումնասիրության առարկա միջազգային առաջատար գիտական հաստատություններում, այդ թվում՝ Սթենֆորդի համալսարանում։
«Հիշողություններ մանկությունից և որբությունից» գիրքն արդեն հրատարակվել է մի շարք երկրներում, և այժմ առաջին անգամ թարգմանվել է ռուսերեն։ Շուտով ընթերցողները կկարողանան այն ձեռք բերել նաև հայերեն տարբերակով։
Նախաձեռնությունն իրականացվել է «Ժառանգություն և առաջընթաց» մարդասիրական հիմնադրամի և «Անիվ» հայագիտության հիմնադրամի համագործակցությամբ՝ Արմեն Հեչոյանի և Արթուր Սողոմոնյանի նախաձեռնությամբ։
Շնորհանդեսին մասնակցել են ճանաչված հայ և ռուս գիտնականներ, հասարակական գործիչներ և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Գիրքը շուտով հասանելի լինի նաև Հայաստանում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: