Իրանը նախագիծ է իրականացնում Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային հաղորդակցության ապահովման համար, ասել է Իրանի նախագահը։ Ճանապարհը կառուցվում է արագ տեմպերով։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը AzTV-ի հարցազրույցում խոսել է ճանապարհի կառուցման մասին, որը թույլ կտա Ադրբեջանի քաղաքացիներին անվտանգ եւ հարմարավետ երթեւեկել երկրի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ։


«Մենք հանդես ենք եկել Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային հաղորդակցություն ապահովելու նախաձեռնությամբ: Այսօր այս նախագիծն իրականացվում է շատ արագ տեմպերով, դա արդեն համաձայնեցված է, եւ խնդիրներ չեն լինի»,- ասել է Փեզեշքիանը:


Իրանի ղեկավարն ընդգծել է, որ ցամաքային հաղորդակցություն է հաստատվելու Իրանի հողերի՝ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ։ «Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների երկրորդ հայրենիքը»,- նշել է նա։

Շինարարական աշխատանքները շարունակվում են, ճանապարհը կօգնի կապեր հաստատել ոչ միայն Ադրբեջանի մասերի, այլեւ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ:

«Մենք աշխատում ենք կապն ավելի անվտանգ ավարտելու ուղղությամբ… Հուսով եմ, որ այս նախագիծը կապահովի անվտանգ հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ եւ միեւնույն ժամանակ կհեշտացնի կապը Ադրբեջանի եւ Թավրիզի, Արդաբիլի եւ Արեւմտյան Ադրբեջանի միջեւ», - նշել է Փեզեշքիանը:

Տրանսպորտային միջանցքն Իրանով, որը կմիացնի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի հիմնական տարածքին, կանցնի Հայաստանը շրջանցելով։