ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA) հետ է մնում հունիսի 1-ից սպասվող փոթորիկների սեզոնին նախապատրաստվելու ժամանակացույցից, հինգշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ գործակալությունը փոթորիկների սեզոնին նախապատրաստվելու ժամանակացույցից հետ է մնացել մի քանի ամսով, իսկ արտակարգ իրավիճակի դեպքում գործողությունների հստակ ծրագրի բացակայությունն ընդունել է գործակալության ղեկավարի պաշտոնակատար Դեյվիդ Ռիչարդսոնը։ Նա այս պաշտոնում նշանակվել էր անցյալ շաբաթ, երբ նրա նախորդին՝ Քեմերոն Համիլթոնին աշխատանքից ազատել էր ներքին անվտանգության նախարար Քրիսթի Նոեմը։
FEMA-ի պաշտոնյաները ձախողումը բացատրում են անձնակազմի պակասով, ղեկավար կազմում ստեղծված ճգնաժամով և նախագահ Դոնալդ Թրամփի խիստ քննադատությանն արժանացած՝ գործակալության աղոտ ապագայով։
Հունվարին իր պաշտոնավարման արարողությունից ի վեր Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել Դաշնային արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության գործունեության առնչությամբ, ներառյալ՝ Կալիֆոռնիայում մոլեգնած զանգվածային հրդեհների ժամանակ։ Մարտի վերջին The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է մինչև այս տարվա աշունը կրճատել այս գործակալության անձնակազմը և զրկել այն արտակարգ իրավիճակների հետևանքների դեմ պայքարի հիմնական լիազորություններից։
FEMA-ում կրճատումների կողմնակիցները պնդում են, որ դաշնային գործակալությունները նման հարցերում ավելորդ են և համոզմունք են հայտնել, որ աղետների հետևնաքների վերացումը յուրաքանչյուր նահանգի պատասխանատվությունն է։