ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ՌԴ զորքերը կկարողանան ճնշել Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) պաշտպանությունը և ամբողջությամբ գրավել Ուկրաինայի չորս մարզերը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի, որը ցանկացել է անանուն մնալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցը Պուտինը, պարբերականի զրուցակցի կարծիքով, կառուցելու է այն համոզմունքից ելնելով, որ Ուկրաինայի Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, որոնց բռնակցման մասին ՌԴ-ն հայտարարել էր պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց, ռուսաստանյան զորքերը կկարողանան ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնել։
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտից Բեն Բարրին չափազանց ցածր է համարում այն հավանականությունը, որ ՌԴ-ին կհաջողվի մինչև տարեվերջ ամբողջությամբ գրավել ուկրաինական չորս մարզերը։ Եթե ՈւԶՈւ-ի պաշտպանությունը փլուզվի, հայտարարել է նա Bloomberg-ին, այդ մարզերի գրավումը պարզ խնդիր կլինի ՌԴ Զինված ուժերի համար, սակայն «այժմ նման սցենարը չափազանց անհավանական է թվում»։
Bloomberg-ը նշում է, որ Թրամփը հույս ունի հասնել պատերազմի շուտափույթ դադարեցմանը, իսկ Պուտինն իր հերթին որևէ նշան ցույց չի տալիս, որ պատրաստ է դադարեցնել մարտական գործողությունները։ ՌԴ նախագահը, կարծում է Bloomberg-ի աղբյուրը, լավատեսորեն է տրամադրված պատժամիջոցների խստացման առնչությամբ, որի մասին զգուշացրել էր ԱՄՆ-ը։
ԱՄՆ նախագահը նախկինում հասկացրել էր, որ պատրաստ է խստացնել պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ, եթե Պուտինը չընդունի 30-օրյա զինադադարը։ Ռուսաստանը կրակը չդադարեցրեց, սակայն ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը դեռ ընդունված չէ, հիշեցնում է Bloomberg-ը։