Հնագետները հայտնաբերել են վկայություններ այն մասին, որ չորս մարդ, այդ թվում՝ երեխա, հին հռոմեական Պոմպեյ քաղաքում կահույքն օգտագործել են ննջարանի դուռը փակելու և մ.թ. 79 թվականին Վեզուվ հրաբխի ժայթքումից պաշտպանվելու համար, հաղորդում է CNN-ը։

Ի վերջո, տունը դարձել է նրանց վերջին ապաստարանը, համաձայն ապրիլին Պոմպեյի պեղումների էլեկտրոնային ամսագրում հրապարակված նոր հետազոտության։ Աղետալի ժայթքման ժամանակ հրաբուխը օդ է արտանետել տաք մահաբեր գազեր և մոխիր, որոնք դանդաղորեն ոչնչացրել են քաղաքի բնակչության մեծ մասին։ Մոխիրը և հրաբխային ապարը, որը կոչվում է պեմզա, այնուհետև ծածկել են Պոմպեյը և նրա բնակիչներին՝ հազարամյակներով պահպանելով զոհերի կյանքի վերջին պահերը։

Հնագետների խումբն այս հայտնագործությունն արել է Հելլեի և Ֆրիքսի տան ուսումնասիրության ժամանակ, որն այդպես է անվանվել տանը հայտնաբերված առասպելական նկարի պատվին։ Հնագետները 2018-2019 թվականներին մասամբ ուսումնասիրել էին տան ընդունելության սենյակները, սակայն նոր հետազոտություն իրականացնող թիմը վերջին մի քանի տարիների ընթացքում կրկին այցելել է այս վայր՝ բացահայտելով շենքի մեկ երրորդը՝ այն վերականգնելու և հանրության համար բացելու նախապատրաստական աշխատանքների շրջանակում, պատմել է Պոմպեյի հնագիտական պարկի տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելը։


Պեղումների ժամանակ թիմը պեղել է ջրի հավքման ատրիում, շքեղ զարդարված պատերով խնջույքների սրահ, անձրևաջուր հավաքելու կենտրոնական անցքով սենյակ և ննջարան։

Հրաբխային մանր բեկորները, հավանաբար, ժայթքման առաջին փուլերում անձրևի պես թափվել են անցքից՝ ստիպելով տանը գտնվող չորս մարդկանց շտապել ննջարան և այն փակել մահճակալով՝ պաշտպանվելու համար։

Բայց քանի որ ժայթքումից տեղումները շարունակվել են, հետազոտողները ենթադրում են, որ բնակիչները մահճակալը հետ են քաշել դռնից և փորձել են փախուստով փրկվել։ Պոմպեյցիների մասունքները հայտնաբերվել են խնջույքների սրահում։


«Առաջին պիրոկլաստիկ ամպի հայտնվելը, որը ներթափանցել է հին քաղաք, կամ վերին հարկերի մի մասի փլուզումը կարող էին հանգեցնել չորս զոհերի մահվան», - նշվում է հետազոտության մեջ։

Ըստ Ցուխտրիգելի, պիրոկլաստիկ ամպերը, կամ հրաբխի ժայթքման ժամանակ առաջացած մոխրի, գազի և ապարների խիտ խառնուրդը, առաջացրել են բեկորների հզոր հոսք, որը լցրել է տունը։