Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ամերիկա-իրանական բանակցությունների հինգերորդ փուլը կարող է կայանալ Հռոմում մայիսի 24-ից 25-ը։ Այս մասին՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթի թղթակից Լոուրենս Նորմանը։
«Ասում են՝ Իրանի հարցով հաջորդ բանակցությունները նախատեսված են Հռոմում այս հանգստյան օրերին»,- X-ում գրել է լրագրողը։
ԱՄՆ-ն և Իրանն Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ։ Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդը՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իսլամական հանրապետության իշխանություններն իրենց նկատմամբ պատժամիջոցների վերացման դեպքում պատրաստ են ԱՄՆ-ի հետ քննարկել ուրանի հարստացման ծավալների և մակարդակի սահմանափակումը, բայց երբեք չեն գնա իրենց միջուկային ծրագրի դադարեցմանը, քանի որ խաղաղ ատոմի իրավունքը երաշխավորված է բոլոր այն երկրներին, որոնք ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, որին Թեհրանը միացել է առաջիններից մեկը։