Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կլինի Երևանում։ Այս մասին ասվում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախատեսված են նրա հանգամանալից բանակցությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, սպասվում են զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Հանդիպումները կանցնեն 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման, ինչպես նաև հունվարի 21-ին Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքներով։

Օրակարգում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկումն է, եվրասիական ինտեգրացիոն միավորումների գծով փոխգործակցությունը, միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում, դիրքորոշումների համակարգումը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքերի առարկայական փոխանակում կունենան տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ։ Նախատեսվում է ստորագրել 2025-2026 թթ. միջարտգործնախարարական խորհրդակցությունների պլանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լավրովը ելույթ կունենա Հայ-ռուսական համալսարանում՝ ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների ու փորձագիտական հանրության առջև, ինչպես նաև կհանդիպի հայրենակիցների հետ Ռուսական տանը։

Ավանդույթի համաձայն, տեղի կունենա ծաղիկների խոնարհում Անհայտ զինվորի շիրիմի մոտ գտնվող Հավերժական կրակին և ծաղկեպսակի զետեղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրին։