Եվրամիության անդամ երկրները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել 150 միլիարդ եվրոյի չափով հիմնադրամ ստեղծելու մասին, որից կֆինանսավորվեն պաշտպանական ծախսերը, հայտնում են Bloomberg-ը և Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ Bloomberg-ի աղբյուրների, հիմնադրամի ստեղծումը պաշտոնապես կհաստատվի առաջիկա օրերին։

Ենթադրվում է, որ Եվրահանձնաժողովը հիմնադրամը կձևավորի կապիտալի շուկաներում փոխառությունների հաշվին, իսկ այնուհետև դրանից միջոցներ կտրամադրի ԵՄ երկրներին որպես վարկեր՝ կոնկրետ նախագծերի ֆինանսավորման նրանց հարցման հիման վրա։ Ըստ Bloomberg-ի աղբյուրի, խոսքը կվերաբերի նրան, թե ինչի կարիքն ամենից շատ ունի ԵՄ-ն պաշտպանունակությունը բարձրացնելու համար, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների համար նախատեսված հրթիռներին։

Security Action for Europe (SAFE) անվանումը ստացած նախաձեռնությանը կկարողանան միանալ նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրները։ Մասնավորապես, համապատասխան պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել Մեծ Բրիտանիայի հետ։ Նաև, գրում է Reuters-ը, միջոցներ կկարողանա ստանալ նաև Ուկրաինան այն նախագծերի համար, որոնք բարձրացնում են նրա պաշտպանունակությունը և խթանում եվրոպական զենքի արդյունաբերությունը։

Հիմնադրամի ստեղծումը, ինչպես և ընդհանուր առմամբ ԵՄ պաշտպանունակության բարձրացմանն ուղղված ծրագիրը, կդառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ այս ոլորտում եվրոպական երկրներին տրվող աջակցության կրճատման պլանների վերաբերյալ հայտարարություններին ի պատասխան միջոցառումներից մեկը։