Գերմանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter տիպի չորս կործանիչներ հունիսի 4-ին մասնակցել են սավառնող ռումբերի նետման վարժանքների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, հիմնվելով բունդեսվերի ներկայացուցչի տրամադրած տեղեկությանը, հայտնել է n-tv հեռուստաալիքը:
«Բունդեսվերը հղկում է բարձր ճշգրտության սավառնող ռումբերը մեծ հեռավորությունների վրա կիրառելու կարողությունը: Գերմանիայի ռազմաօդային ուժերի չորս Eurofighter կործանիչներ մեկնարկել են Նյորֆենիխի ավիաբազայից, որպեսզի բարձր ճշգրտության կառավարվող GBU-48 ռումբեր նետեն Շվեդիայի Վիդսելի մոտ գտնվող ռազմական վարժարանում», – հաղորդել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ օդաչուները մարզվում են նետելու 25 կիլոմետրից պակաս հեռահարությամբ GBU-48 կառավարվող ռումբեր։ Մշակվում է այսպես կոչված «խորը հարվածի» գործողությունը՝ մի քանի հազար կիլոմետր հեռահարությամբ, որի ընթացքում յուրաքանչյուր կործանիչի համար նախատեսված է չորս վերալիցքավորում օդում: