ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցները երեկ չեն մտել գործարար Սամվել Կարապետյանի առանձնատուն: Նրանք մուտքի մոտ հանդիպել են անվտանգության աշխատակիցներին և օպերացիան տապալվել է իրավական հիմքերի բացակայության պատճառով:
Իրավապահների գործողությունների մասին երեկ ողջ օրը հակասական տեղեկություններ ստացվեցին. նախ հայտնեցին, թե ձերբակալվել է բարերար Սամվել Կարապետյանը, ապա գրեցին, թե խուզարկում են նրա բնակարանը, ապա հայտնի դարձավ, որ 40-ից ավել ձերբակալվածներ կան: Իսկ ինչ էր կատարվել իրականում:
Փաշինյանը ծանոթանալով Սամվել Կարապետյանի կարճ հարցազրույցին, հիշել էր լրագրողական իր անցյալը, ինտրիգային գրառումներ էր անում հենց Ազգային ժողովի դահլիճից: «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
Այնուհետև` ակնհայտ էր, որ հենց տեղում նա նաև Սամվել Կարապետյանին հետապնդելու հրահանգ SMS տվեց իրավապահներին` նրանց ուղարկելով այսպիսի միտք` վերագված Սամվել Կարապետյանին: «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:
Իրավապահները` ի դեմս ՆԳՆ ոստիկանության, գործի անցան և շտապեցին գետնին պառկեցնել Սամվել Կարապետյանի տան դարպասների մոտ գտնված բոլոր անձանց` բարձր ձայներով, աղմուկ-աղաղակով: Տարան 40-ից ավելի անձանց` կարճատև ձերբակալության իրավական կարգավիճակով, որից հետո Կարապետյանների տան մոտ հարյուրավոր մարդիկ հավաքվեցին և աղմուկ բարձրացավ ու մնացած օպերացիաները ձախողվեցին:
Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ ոստիկանները չեն ունեցել դատարանի վճիռ` Կարապետյանների տունը խուզարկելու վերաբերյալ, դրա համար խուզարկություն չեն արել, այլ ոստիկանությունը հայտնեց օպերատիվ գոծողությունների մասին: Ինչու չեն արել, քանի որ չեն ունեցել իրավական հիմնավորում, թե որ գործի շրջանակներում են գնացել` ձերբակալելու Սամվել Կարապետյանին կամ խուզարկելու նրա բնակարանը:
ArmLur.am-ը երեկ երեկոյան տեղեկացրեց, որ իրավապահ երկու մարմիններում` Քննչական կոմիտեում և Հակակոռուպցիոն կոմիտեում չկան վարույթներ Կարապետյանի մասով: Դրա համար էլ փաստաբանները և Կարապետյանի անվտանգության աշխատակիցները ոստիկաններին արգելել էին ապօրինի գործողություններ իրականացնել տանը:
Բայց Փաշինյանը չէր խաղաղվում. խուզարկությունների մասին լուրերի տարածումից րոպեներ անց գրեց.
«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:
Իրավապահների ձախողումից հետո անգամ Նիկոլ Փաշինյանը շարունակեց սպառնալ. «Ասում է մենք մեր ձևով ենք միջամտելու, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ: Ավելի ճիշտ` ձեզ»:
«Բա միջամտի արա, ի?նչ ես չուլանում պախկվել»:
Իսկ իրականում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրելով news.am-ում հրապարակված տեսանյութը(տեսանյութը՝ այստեղ), նկատեց որ Սամվել Կարապետյանը «միջամտել» բառը չի օգտագործում:
Նա բառացի ասում է «Եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու, հայոց պատմության վրա… Քանի որ ես եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություը: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Նկատենք, որ այս իրականությունը Փաշինյանը չնկատելով հրահանգ է տվել` հիմքում ունենալով <միջամտել> բառը, որպեսզի Կարապետյանի նկատմամբ ծանր մեղադրանք առաջադրվի` Հայաստանում հեղաշրջման փորձ կազմակերպելու մասով: Նա ակնհայտորեն չէր բավարարվել 40 հոգու կարճատև բերման են ենթարկելով, որոնք գիշերն արդեն ազատության մեջ էին: Վարչապետի պահանջները բավարարելու համար Կարապետյանների տան դիմացից մի շարք ավտոմեքենաներ քարշակներով տեղափոխվեցին ոստիկանություն, սակայն դրանք բացարձակ վարույթային գործողություններ չէին:
Կարճ ասած, իրավապահ ողջ համակարգը հայտնվել է անհարմար իրավիճակում է հայտնվել Փաշինյանի ձեռքին: Ոստիկանները գնացել էին` պարզելու ինչպես է միջամտելու Սամվել Կարապետյանը` զենքով, զորքով, …, պարզվեց` միջամտել բառ չի հնչեցրել բարերարը: Այսպես` ամեն ինչ փլվեց կեսգիշերն անց:
Սպասենք` նոր զարգացումներին և նոր ՍՄՍ-ներին. այսօր Փաշինյանն Ազգային ժողովում է լինելու: