ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայությունը որեւէ տեղեկություն չունի Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու աշխատանքները վերսկսելու մասին, հայտնել է Սենատի հետախուզական կոմիտեի փոխնախագահ Մարկ Ուորները։ Նա հիշեցրել է, որ դեռեւս մարտ ամսին գերատեսչության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտնել էր, որ «Իրանը որեւէ գործողություն չի ձեռնարկել ռումբ ստեղծելու համար»։ «Եվ այս շաբաթվա երկուշաբթի օրը մենք ստացանք հաստատում, որ հետախուզական տվյալները չեն փոխվել»,- MSNBC-ի եթերում ասել է Ուորները։


Սենատորը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Իրանի նկատմամբ՝ նշելով, որ Սպիտակ տան ղեկավարը անտեսում է հետախուզության բոլոր տվյալները։ «Թվիթների միջոցով արտաքին քաղաքականությունը խելագարություն է։ Բայց սա է այն, ինչ անում է այս տղան»,- նշել է սենատորը։ Նա նաեւ խոստովանել է, որ «պատկերացում չունի» այն մասին, թե ինչ է Վաշինգտոնը պլանավորում անել Իրանի հետ կապված։ «Ես հետախուզության կոմիտեի փոխնախագահն եմ, եւ եթե ես որեւէ պատկերացում չունեմ, ապա ի՞նչ գիտի ամերիկացի ժողովուրդը»,- հարցրել է Ուորները։ Ավելի վաղ Թրամփին հիշեցրել էին Գաբարդի հայտարարությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Սակայն Սպիտակ տան ղեկավարը անտեսել էր այն։ «Ինձ համար միեւնույն է, թե նա ինչ է ասում, կարծում եմ՝ նրանք շատ մոտ էին դրա (միջուկային զենք- TMT) ստեղծմանը»,- ասել է Թրամփը։