Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին դրվատանքով է խոսել Ազգերի լիգայի գավաթակիր Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ես շատ եմ հարգում Ռոնալդուին։ Նա հիացնում է իր կարիերայով, որը դեռ շարունակում է։ Նա մինչեւ հիմա ամենաբարձր մակարդակի վրա է մրցում։
Նրա հետ մրցակցություն ունեցել եմ միայն խաղադաշտում։ Յուրաքանչյուրս ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար։ Ամեն ինչ մնում էր խաղադաշտում, որից դուրս մենք երկու հասարակ տղաներ ենք։ Մենք ընկերներ չենք, քանի որ միասին ժամանակ չենք անցկացրել, բայց միշտ մեծ հարգանքով ենք իրար վերաբերվել»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Նրանք իրար դեմ խաղացել են Իսպանիայում, Մեսին՝ «Բարսելոնայի», Ռոնալդուն՝ «Ռեալի» կազմում։
Մեսին այժմ «Ինտեր Մայամիի» կազմում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը։ «Ալ Նասրը» չէր ստացել այս մրցաշարին մասնակցելու հնարավորություն։