Իրանը մտադիր չէ հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետեւել միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորություններին, այլ պետություններն իրավունք չունեն սահմանափակել Թեհրանին այս հարցում, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին։

«Մենք միջուկային զենքի չտարածման պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության համար։ Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ պետք է անենք, քանի դեռ մենք կատարում ենք պայմանագրով ստանձնած մեր պարտավորությունները»,- ասել է Թահթ-Ռավանչին գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։


Նա նաեւ նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի վիճակը հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից հասցված հարվածներից հետո։ Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ ռմբակոծությունն ինքնին «ագրեսիայի ակնհայտ ակտ» է։ Իրանը, նշել է Թահթ-Ռավանչին, այս իրավիճակում «ագրեսիայի զոհ» է եւ իրավունք ունի արձագանքել դրան՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի։ Միեւնույն ժամանակ, դիվանագետը չի մեկնաբանել Իրանի կողմից Մերձավոր Արեւելքում ամերիկյան բազաներին հարվածելու հնարավորությունը։


Փոխարտգործնախարարն առանձին քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը, որն աջակցել է Իրանի դեմ Իսրայելի գործողությանը, եւ հայտնել է, որ հրեական պետությունն իր գործողություններով «կեղտոտ աշխատանք» է կատարում բոլոր արեւմտյան երկրների փոխարեն: Թահթ-Ռավանչին կոչ է արել Բեռլինին «կանգնել զոհի, այլ ոչ թե ագրեսորի կողքին»: