ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համաներման ակտի քննարկման ժամանակ առանձնացրել է հինգ հարց:

Այն փաստը, որ մեր երկրում վերջին չորս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է համաներում կիրառվում, սակայն քրեակատարողական հիմնարկները դեռ շարունակում են ծանրաբեռնված մնալ, մտահոգում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

ԱԺ-ում իր ելույթի ժամանակ պատգամավորը նշեց, որ պետությունը պարտավոր է լուրջ վերանայումներ իրականացնել թե քրեական օրենսգրքի և թե քրեական արդարադատության սկզբունքները ճշգրիտ կիրառելու ընթացքում:

Երկրորդ խնդիրը կապված է այն սահմանափակումների հետ, որ ներկա համաներման ակտը չի ամբողջացնում: «Մենք անընդհատ ասում ենք, որ հետևողականորեն պայքարում ենք ընտրակեղծիքների դեմ և իշխանությունը վճռական է այդ հարցում: Համաներման այս ակտի մեջ ընտրական իրավունքի խախտումներ առաջացնող իրավախախումները չպետք է համաներման կիրառվեին»,- ասաց պատգամավորը:

Երրորդ խնդիրը, որն առանձնացրել է Արծվիկ Մինասյանը, կապված է միատեսակ քաղաքականության գործադրման հետ: «Օրենքի դրույքը տարբեր ձև է կիրառվել թե տարբեր դատարանների և թե մարմինների կողմից, ովքեր իրավունք ունեն համաներում կիրառելու: Անհրաժեշտ է միատեսակ մեկնաբանություն»,- նշեց պատգամավորը:
Հաջորդ խնդիրը վերաբերում է այն հարցին, որ համաներման ժամանակ անդրադարձ չի կատարվում ցմահ ազատազրկվածներին. «Պետք է լուրջ քննարկում կազմակերպենք: Նրանց մեջ կան մարդկանց խմբեր, որոնք իրենց վարքով կարող են ավելի արժանապատիվ քաղաքացի լինել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Վերջին` հինգերորդ խնդիրը հաշմանդամության խնդրի հետ է կապված:
Բացի այդ, Արծվիկ Մինասյանն առաջարկեց քննարկման առարկա դարձնել այն անձանց, ովքեր դատապարտվել են տնտեսական հանցագործություններով. նրանց համար պատգամավորն առաջարկեց այլընտրանքային իրավունք, որպեսզի իրենց ընտանիքների հետ տեղափոխվեն ազատազրկված տարածքներ բնակվելու: