Այսօր ԱԺ-ում շարունակվում է քննարկվել ՀՀ նախագահի կողմից համաներում հայտարարելու մասին ակտը:

Իր ելույթում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյոյւր քաղաքակիրթ պետությունում համաներումն ունի մարդասիրական, սոցիալական, իրավաքաղաքական կարևոր նշանակություն, որը միտված է հասարակության մեջ համերաշխության, արդարության ամրապնդմանը, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը:

ԱԺ նախագահն ընդգծեց, որ բարձր է գնահատում ՀՀ նախագահի այս առաջարկությունը:
«Մեր քաղաքական գնահատականը համաներման առաջարկին դրական է, և մենք ողջունում ենք այն քայլը, որ պետությունն իր գթասրտությունն ու մարդասիրական վերաբերմունքն է դրսևորում տարբեր հանգամանքների բերումով սայթաքած և նման իրավիճակներում հայտնված քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ըստ ԱԺ նախագահի, այդ անձանց պետք է իրավունք տալ ուղղվելու, ճիշտ ճանապարհին կանգնելու և բնականոն կյանքին անցնելու հնարավորություն:

«Համաներումը մեր քրիստնեական հավատքից և արժեհամակարգից բխող քայլ է: Մենք կարևորում և ողջունում ենք այս քայլը, որը խնթանելու է հանդուրժողականության, համերաշխության, միասնականության մթնոլորտի ամրապնդումը, իսկ դրանք մեզ համար կարոևորագույն առաջնահերություններից են»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքերով, համաներումը ներառում է և իրավաքաղաքական, և տնտեսական, և սոցիալ-հոգեբանական խնդիրներ, սակայն ամենակարևորը քաղաքացիական համերաշխությունն է, որին ուղղված է այս քայլը:

«Հայաստանի պատմության ընթացքում թվով տասներորդ համաներումը դրական ազդեցություն կունենա հասարակական մթնոլորտի և ներքաղաքական դաշտի, ինչու չէ նաև տնտեսության զարգացումն ապահովելու համար»,- նկատեց նա:

Համաներման ակտի ընդունման արդյունքում պատժի կրումից ազատվող կամ դրա հետևանքով վիճակը բարելաված քաղաքացիներին Հովիկ Աբրահամյանը հորդորեց բարեխղճությամբ մոտենալ պետության կողմից ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքին: Նա կոչ արեց, որ վերջիններս իրենց ուժերը ներդնեն ի բարորություն պետության, երկրի պետականության: