ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը քիչ առաջ դուրս եկավ ՀԷՑ–ի գլխամասային շենքից, նրան դիմավորեցին ծափահարություններում։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Առավոտյան եկել էին մեր տուն խուզարկության, իսկ հետո եկան աշխատասենյակը խուզարկելու; Աշխատասենյակում 37 հատ իմ աշխատանքային փաստաթղթերն են, դրանք առգրավել են։


Ինչից ուզեն՝ կարող են խոսել, մենք հասկանում ենք, որ ամեն ինչ ծրագրավորած ինչ–ր պրոցես են ուզում սկսել։ Դեռ չեն կարողանում նորմալ կպնել, բայց պրոցես են սկսել, ուզում են զանգվածային ճնշումների դիմել։ Հայաստանում այլեւս ձերբակալությունից, կալանավորումից ոչ ոք չի վախենում։ Ինչքան ուզում են, թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել։ Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս կամ քո կամքը ու գնաս ալիքին դեմ, որպեսզի հետո գլուխդ բարձր ապրես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել։ Դրանից ոչ ոք չի վախենում։

Ինչ–որ իրավապան պրոցեսով, ինձ թվում է այդ պրոցեսը դեռ փնտրում են, ինչ–որ բան հնարավոր է գտնեն։ Օրինակ, մեր տնից հայտնաբերված գլխրկները շատ հիմնավոր կասկածներ առաջացնող ապացույցներ են։ Կարծում եմ՝ դա բավարար է, որ այսօրվա Հայաստանում տանեն, մի քանի ամիս դատեն»,– ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ 51 ընկերություններում խուզարկություններ են իրականացվել, Նարեկ Կարապետյանը նշեց, որ ենթադրում է, որ դրանք «Տաշիր» ընկերությունների խմբի ընկերություններ են. «Վստահ չեմ, որ բոլոր 51–ն էլ «Տաշիր» խմբի ընկերություններն են։ Ինձ թվում է, որ դրա նշանակալի մասը ուրիշ ընկերություններ են, ուղղակի իրենք բոլոր այն ընկերություններին, որոնց համարում են «Տաշիր» խմբի անդամ, փորձում են ինչ–որ ձեւով աշխատակազմին ճնշման ենթարկեն։ Հնարավոր է, որ դրանք չլինեն «Տաշիր» խմբի անդամ։ Ես ունեմ ինֆորմացիա, որ կան ընկերություններ, որոնց փորձում են ենթարկել քաղաքական ճնշումների, բայց դրանք մեզ հետ կապ չունեն»,–ասաց Կարապետյանը։

Նա նաեւ նկատեց, որ եթե բազմամարդ չլիներ իրենց վերջին հանրահավաքը, հնարավոր է՝ նման բռնաճնշումների մենք չառերեսվեին. «Սակայն, երբ մենք տեսանք մարդկանց քանակը, տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին, մենք հասկացանք, որ սաստկանալու են ճնշումները»։