Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների ապագա վաճառքը՝ նախազգուշացնելով, որ Անկարայի հավակնությունները և նրա տարածաշրջանային քաղաքականությունը երկարաժամկետ սպառնալիք են ներկայացնում Իսրայելի անվտանգության համար։

Breitbart News-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ամերիկյան այդ ինքնաթիռները, որոնք Իսրայելում հայտնի են «Ադիր» անվանումով, առանցքային դեր են խաղացել Իրանի հետ վերջին 12-օրյա հակամարտությունում։ Ըստ իսրայելական կողմի, Թուրքիայի նման զենքի հասանելիությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը։ Մասնավորապես, պաշտոնյան հիշեցրել է Անկարայի «նեոօսմանյան վերածննդի» և Երուսաղեմի նկատմամբ վերահսկողության ձգտման մասին հայտարարությունները։


Թեև մոտ ապագայում Թուրքիայի հետ ուղիղ ռազմական բախումը քիչ հավանական է, իսրայելական աղբյուրը չի բացառել նման սցենարը ապագայում։ Նա նշել է, որ Իսրայելը նախընտրում է խուսափել հակամարտությունից, բայց պատրաստ է գործել անհրաժեշտության դեպքում, հատկապես սիրիական ուղղությամբ, որտեղ թուրքական ռազմական ակտիվությունը, ըստ նրա, կարող է ուղղված լինել ոչ միայն «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների, այլև Իսրայելի դեմ։

Թուրքիան F-35 ծրագրից հեռացվել էր դեռևս 2019 թվականին՝ ռուսաստանյան С-400 ՀՕՊ համակարգերը գնելուց հետո։ Սակայն Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի վերջին հայտարարությունը՝ այս հարցին վերադառնալու հնարավորության մասին, անհանգստություն է առաջացնում Երուսաղեմում։ Իսրայելը հույս ունի, որ Կոնգրեսը թույլ չի տա վերսկսել գործարքը՝ չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սերտ անձնական հարաբերություններին։