«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական ՔՊ-ի պատգամավորները օրը սկսում են «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցանությամբ` պարտադիր պայմանով, որ պետք է իրենց սոցհարթակներում վիրավորական արտահայտություններով թիրախավորեն լրատվամիջոցին:
Երեկ էլ բացառություն չէր. «առավոտյան մարմնամարզությունն» արվել է որոշ ՔՊ-ականների կողմից, ընդհուպ «Մահվան նախարարի, որը եթեր մտավ, իր «վարժություններն» արեց:
Այս թեմայի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել մի հարց, որպեսզի մեր ընթերցողների համար տարընկալում չլինի: Սյունիքով ավտոճանապարհ տրամադրելու թեման իսկապես քաղաքական ժողովի օրակարգային հարց չի եղել. այդ փակ ժողովի օրակարգին ու մանրամասներին անդրադարձել էինք՝ https://armlur.am/1487414/ :
ՔՊ-ական մեր աղբյուրների հետ երեկ եւս խոսեցինք, նրանք շարունակում են պնդել, որ Գորիսում մինչ ժողովի մեկնարկը` նախորդ օրը, առավել նեղ խմբով Նիկոլ Փաշինյանը կարճ քննարկել է Սյունիքի միջանցքի հարցը` ասելով, որ չի տալու ավտոճանապարհ, որը կլինի ՀՀ-ի վերահսկողությունից եւ իրավազորությունից դուրս: Պնդում ենք, որ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է դա, խոստովանել է նաեւ այն, որ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատկերացումներն ու պլանները չեն իրականանում, քանի որ Ադրբեջանը չի համաձայնում առաջարկվող պայմաններին:
Այնպես որ, առաջարկում ենք ՔՊ-ական ստատուսագիրներին շարունակել նույն ակտիվությամբ ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթ, սակայն թիրախավորելուց առաջ հիշե՛ք, որ մեր հրապարակումները միշտ ճիշտ են, եւ հիմար վիճակում դուք եք հայտնվում արդեն շուրջ 8 տարի: Քանի՞ տարի է եւս անհրաժեշտ, որ հասկանաք»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: