Դեռ 3 տարի առաջ բարի լուր տվեցին, թե Զեյթունում մատչելի պայմաններով, ցածր հիպոթեքով բնակարան են հատկացնելու գրողներին, նկարիչներին: Վստահության համար հատուկ նշեցին, որ շենքը կառուցվելու է նախագահ Սերժ Սարգսյանի երաշխավորությամբ, եւ այդ մատչելիությունը հենց նրա բարի կամքի դրսեւորումն է:

Եկան, Գրողների միությունում հանդիպում կազմակերպեցին, շենքի նախագիծը ներկայացրին, պայմաններին ծանոթացրին, ոգեւորեցին. բոլորս էլ ուրախացանք, քանի որ շատերս բնակարանի խնդիր ունեինք: Ես այդ ժամանակ չունեի 20 տոկոս կանխավճարի գումարը եւ ստիպված էի սպասել: Բայց, բարեբախտաբար, 2011թ. արժանացա Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության սահմանած գրական մրցանակին, եւ Արա Աբրահամյանի տրամադրած գումարը, որ առձեռն 1 մլն 100 հազար դրամ էր, ստանալով՝ ոգեւորված շտապեցի բնակարանի կանխավճարին ուղղել:

Պակասող 500 հազար դրամն էլ ծանոթ-ընկեր-բարեկամից պարտք խնդրեցի եւ 1 մլն 615 հազար դրամ վճարեցի «Արարատ» բանկին՝ որպես 20 տոկոս կանխավճար մեկ սենյականոց բնակարանի համար, քանի որ 2 կամ 3 սենյականոցի հնարավորություն չունեի, սա էլ, ինչպես հասկացաք՝ հազիվ, մի կերպ… Մնացած 80 տոկոսի համար դիմեցի «ՎՏԲ բանկ»՝ վարկ ստանալու համար:

 

Բանկը պատրաստակամություն հայտնեց տրամադրել վարկ, ճիշտ է՝ 80 տոկոս գումարի փոխարեն մոտ 57-58 տոկոսի չափով, բայց կարեւոր է, որ չմերժեց, իսկ երբ գար վճարման ժամանակը՝ պակասող գումարը ես էի լրացնելու. այդպիսին էր պայմանը: Բանկի պատասխանը ներկայացրի ԵՊՀ շրջանավարտների միավորում, իրավաբան Արմենը, որն զբաղվում էր մեր բնակարանների հարցով, ասաց, որ դեռ շենքը պետք է կառուցեն եւ որոշակի աստիճանի հասցնեն, որից հետո տեղյակ կպահենք, եւ վարկի ու վճարման հարցը կկարգավորեք: Ես էլ գոհ ու բավարարված, որ այս կարեւոր հարցը լուծեցի, եկա եւ սպասեցի: Մոտ 2 ամիս առաջ էլ ԵՊՀ-ից զանգահարեցին, թե եկեք եւ ձեր բնակարանի ներքին հարդարանքը որոշեք՝ ըստ ձեր ճաշակի: Այսինքն՝ բաղձալի օրը հեռու չէ:

Իսկ երեկ նույն ԵՊՀ-ից զանգահարեցին, թե ձեր բնակարանն այլեւս ձերը չի, ուրիշին ենք տրամադրել: Ինչո՞ւ: Թե՝ վճարման ժամկետը մինչեւ հոկտեմբերի 1-ն էր, իսկ այսօր հոկտեմբերի 1-ն է: Բայց ո՞վ է ինձ տեղյակ պահել. ինձ ասել են՝ սպասիր, ես էլ սպասում եմ:

 

Իրավաբան Արմենն էլ, թե. ես չեմ ասել սպասիր՝ քեզ կկանչենք, ասել եմ՝ սպասիր, բանկը կկանչի: Ասում եմ՝ բանկն ինձ արդեն կանչել է եւ դրական է պատասխանել: Նա էլ, թե՝ մեկուկես տարի է անցել, ինչքան ջրեր են հոսել, բանկն այն ժամանակ հաստատել է ձեր վարկը, իսկ հետո մերժել է: Անմիջապես դիմեցի «ՎՏԲ բանկ», պատասխանեցին, որ ինչ պայմաններով հաստատել ենք ձեր վարկը, նույն պայմաններով ուժի մեջ է, մենք չենք փոշմանել եւ չենք մերժել, հակառակ դեպքում ձեզ տեղյակ կպահեինք, ոչ թե ԵՊՀ-ին: Ուրեմն ո՞վ է աչք դրել իմ բնակարանին եւ հաջողացրել, որ ինձ հանեն ցուցակից:

 

Ինչու այս ամենը շարադրեցի եւ ինչու եմ դիմում Ձեզ, քանի որ մեզ ասել են, որ այդ շենքի կառուցման եւ մատչելի պայմանների երաշխավորը Դուք եք, պարոն նախագահ: Գրողների անվան տակ կառուցվող շենքից գրեթե ոչ մի գրող չօգտվեց, չհաշված ավագ սերնդի մի քանի գրողների, ովքեր առձեռն վճարելու հնարավորություն ունեին, միայն ես էի մնացել, որ վարկով ընդամենը մեկ սենյականոց բնակարան պետք է ձեռք բերեի, այն էլ չղմշեցին, ինչպես հասկացաք՝ բացահայտ ստելով, ցինիկ կերպով օտարելով:

Չղմշեցին մեկին (երբեք գլուխ չեմ գովել), ով շուրջ քառորդ դար գլուխը կախ մշակի պես տքնել ու ստեղծել է, մի շարք հեղինակավոր մրցանակների արժանացել եւ որպես բանաստեղծ, եւ որպես արձակագիր, եւ որպես հրապարակախոս, թարգմանվել եւ այլ լեզուներով է ներկայացվել:

 

Սա է մեր երկրի դեմքը, մեր իրականությունը, այս խաբեությունն ու ցինիզմը, թե նախագահը երաշխավորում է, իսկ հետո ի՞նչ ենք ստանում: Այդ 1 մլն 615 հազար դրամը եթե բանկում դրած լինեի, բնականաբար, զգալի տոկոս կավելանար, պարզվում է, որ իմ չունեցած տեղից ինձ «քցեցին», չեմ ուզում ասել, թե Ձեր երաշխավորությամբ, բայց այդպես է ստացվում: Մի բան էլ շշուկով ասեմ. համագյուղացիներս էլ ոգեւորված մեկմեկու ասում էին, թե «բա գիտեք՝ Սերժը Հուսիկին տուն է տվել»:

 

Հուսիկ ԱՐԱ