«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ)՝ հակակոռուպցիոն համակարգում առանցքային դեր ունեցող մարմինը, արդեն 4 օր է փաստացի մնացել է առանց ղեկավարի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի գտել այն «ցանկալի եւ վստահելի» անձին, որը կփոխարինի 2021թ. դեկտեմբերից ՊՎԾ ղեկավար նշանակված Ռոմանոս Պետրոսյանին։
Բացի դրանից, ինչպես հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին, ծառայությունում այս պահին բացակայում են նաեւ մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք Պետրոսյանի հետ գործուղվել են ՀԷՑ, ինչը կառույցը դարձնում է գործնականում անաշխատունակ։
Հիշեցնենք՝ Ռոմանոս Պետրոսյանը պաշտոնավարման ընթացքում հայտարարել էր, թե Պետական հետաքրքրությունների ֆոնդին՝ ԱՆԻՖ-ին հատկացված պետական միջոցները ծախսվել են ոչ արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն էլ հպարտանում էր իր ասուլիսներից մեկի ժամանակ, թե ՊՎԾ-ն է բացահայտել ԱՆԻՖ-ի չարաշահումները: Սակայն 2 տարի է անցել գործի քննությունից, եւ որեւէ մեղադրյալ չկա պետբյուջեից անհետացած 25 մլրդ դրամի կամ մոտ 70 մլն դոլարի վերաբերյալ:
Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու ԱՆԻՖ հիմնադրամի վերաբերյալ մինչեւ օրս որեւէ պատասխանատու անձ չի պատժվել, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց.
-Լիազորված չեմ պատասխանելու, նախաքննական մարմնին դիմեք։
-Արդյոք իրավապահները կաշկանդվա՞ծ են:
-Քաղաքական կամքը մեր թիմում անձամբ վարչապետի կողմից դրսեւորվել է նաեւ մեր վերահսկողությունն իրականացնելու օրինակով:
-Ապա ի՞նչ են այսքան տարի քննում:
-Չեմ կարող ասել:
-Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ:
-Չեմ կարող ասել, նախաքննական մարմնին դիմեք: Ես իրավասու չեմ:
Այսպիսով, թեպետ Ռոմանոս Պետրոսյանը պարծենում էր իր բացահայտումներով, սակայն գործի վերաբերյալ իրավապահները 2 տարի է քննում են, բայց ապացույց չեն գտնում, որ որեւէ մեկին պատժեն: Ավելին՝ ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը հայտարարել է, որ ՊՎԾ բացահայտումները դատարկաբանություն են:
Հիմա այս անձնավորությունը գնացել է՝ ՀԷՑ-ում բացահայտումներ անելու»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: