Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, նախկինում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը դատապարտել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքը:

«Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում Գրիգորյանը գրել է. «Որպես Եվրոպայի Խորհրդին մի քիչ ծանոթ մարդ՝ անհրաժեշտ եմ համարում հայտնելու, թե սովորաբար ինչ տպավորություն են թողնում Զարուհի Փոստանջյանի տված հարցի նման հարցերն ու հայտարարությունները էդ հաստատությունում։ Ամեն նման հարցից ու հայտարարությունից հետո ԵԽԽՎ-ի ժողովուրդը, որը շատ ծանոթ չի Հայաստանի քաղաքական կյանքի նրբերանգներին, գալիս է այն եզրակացության, որ Հայաստանի ընդդիմությունը բաղկացած է չափազանց վատ դաստիարակություն ստացած փողոցայիններից ու անլուրջ մարդկանցից, եւ որ ինչքան էլ արգահատելի լինեն Հայաստանի իշխանությունները, գոնե նրանք ընդդիմության պես թոկից փախած չեն»։

«Այնպես որ, Զարուհի Փոստանջյանի հայտարարությունից հիացած մարդիկ պիտի հասկանան վերջապես, որ սիրտ հովացնելը քաղաքական կամ դիվանագիտական կատեգորիա չէ։ Պիտի հասկանան նաեւ, որ էդ հաստատությունում ոչինչ ընդդիմության գործին չի վնասում էնպես, ինչպես իրեն ընդդիմություն հորջորջած պատգամավորի նմանատիպ վարքագիծը»,- նշել է նա։

Նշենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նրան հետեւյալ հարցն է տվել. «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետեւանքով: Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո եւ ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Ես ազարտային խաղեր չեմ խաղում եւ չեմ եղել եվրոպական կազինոներում: Ես հնարավորություն չունեմ տնօրինել 70 մլն եվրո: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից եւ այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր»:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման հայտարարությունը հայ պատվիրակի երեւակայության արդյունքն է:

«Ցավոք, նախագահական ընտրություններում Ձեր թեկնածուն չկարողացավ դրսեւորել որակներ, որոնցով նա կարող էր ներկայացնել հայ ժողովրդին»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: