ՄԻՊ գրասենյակը գրեթե բոլոր ոլորտների հետ կապված անընդհատ տարբեր բնույթի բողոքներ է ստանում: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 31–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:


ՀՀ օմբուդսմենը նշեց, որ միայն էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված բողոքներ չէ, որ ամենօյա ռեժիմով ստանում են, բողոքները վերաբերում են նաև ջրամատակարարման հետ կապված խնդիրներին:

«Հանրային ծառայություների ոլորտի տեսանկյունից Հայաստանում շատ լուրջ բարեփոխումների կարիք կա, որովհետև առաջին հայացքից կարող է թվալ՝ [ոլորտը] մարդու իրավունքների հետ որևէ կապ չունի, բայց հստակ կապվածություն կա… Օրինակ՝ մարդու մի շարք իրավունքների ապահովման տեսանկյունից ջրի բացակայությունը կարող է խնդիրների հանգեցնել, եթե, օրինակ, երեխայի առկայություն կա, նույնը՝ էլեկտրաէներգիայի պարագայում»,- ասաց նա:

ՀՀ օմբուդսմենը ներկայացրեց նաև մյուս ոլորտներից ստացված բողոքները:

«Շատ բողոքներ ենք ունենում հատկապես հավաքների ժամանակահատվածում ոստիկանության գործողությունների առումով: Զինված ուժերի հետ կապված՝ պարբերաբար, հատկապես՝ զորակոչի ժամանակահատվածում, փորձաքննությունների առնչությամբ բազմաթիվ բողոքներ ենք ունենում:

Տարբեր բողոքներ ենք ունենում քաղաքացիական, սոցիալ-տնտեսական ոլորտի, աշխատանքային իրավունքի հետ կապված:

Քրեական վարույթների առումով դարձյալ բազմաթիվ են ստացվող բոլոքները: Ահռելի քանակությամբ բողոքներ ունենք երեխաների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ընդհանրապես իրավահավասարության, հակախտրականության ոլորտի հետ կապված, նաև ազատությունից զրկման վայրերի առումով բավականին մեծ է այն բողոքների քանակը, որ ստանում ենք»,- ասաց նա: