Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են դեղամիջոց, որը կարող է զգալիորեն նվազեցնել ուղեղի հյուսվածքի վնասը կաթվածից հետո: Մկների վրա կատարված փորձի ժամանակ արյան հոսքի վերականգնման ընթացքում թթվային մալոնատ (aDSM) կոչվող նյութի ներմուծումը վնասի մակերեսը կրճատել է 60%-ով: Աշխատանքը հրապարակվել է Cardiovascular Research բժշկագիտական հանդեսում:
Կաթվածի բուժման հիմնական խնդիրներից մեկը ոչ միայն արյան հոսքի խցանման վերացումն է, այլև դրա կտրուկ վերականգնման հետևանքները: Երբ թթվածինը կրկին թափանցում է հյուսվածք, ակտիվանում է ազատ ռադիկալների արտազատումը, ինչը մեծացնում է բորբոքումը և վնասում ԴՆԹ-ն, նույնիսկ հաջող թրոմբէկտոմիայից հետո:
Գիտնականները պարզել են, որ ոչնչացման հիմնական մեխանիզմն ակտիվանում է բջիջներում կուտակվող նյութի՝ սուկցինատի օքսիդացմամբ: aDSM դեղամիջոցը կանխում է այդ գործընթացը՝ իր թույլ թթվայնության շնորհիվ թափանցելով արյուն-ուղեղային պատնեշը:
Հեղինակներն ընդգծում են, որ որքան փոքր է վնասված հյուսվածքի ծավալը, այնքան բարձր է խոսքի, շարժիչային ակտիվության և ճանաչողական գործառույթների պահպանման հավանականությունը: Մշակումն այժմ փորձարկվում է Camoxis Therapeutics ստարտափի շրջանակում: Ապագայում տեխնոլոգիան նախատեսվում է օգտագործել իշեմիայի և արյան մատակարարման արագ վերականգնմանն առնչվող այլ վիճակներում, օրինակ՝ միոկարդի ինֆարկտի կամ օրգանների փոխպատվաստման ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիտնականները ստեղծել են կաթվածի և սրտի կաթվածի ռիսկը կանխատեսելու ունակ ալգորիթմ՝ հիմնված ակնահատակի պատկերի վրա, շուրջ 70% ճշգրտությամբ բացահայտելով անոթային խանգարումները: