Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի և Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնակատր Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ 24-ժամյա ռեժիմով կրակի, ծխի ու թունավոր գազերի պայմաններում, վտանգելով իրենց կյանքը, կարողացան կանխել Նուբարաշենի աղբավայրում 2 օր շարունակ բռնկված կրակի տարածումը, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին ոչ միայն Երևանի, այլ նաև Արարատի ու Արմավիրի մարզերից:
Ամբողջ քաղաքը, կարելի է ասել, պատված էր թունավոր ծխով: 3 օր շարունակ մոտ 100-ից ավելի հրշեջ-փրկարարներ պայքարում էին կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվեց: Այդ 3 օրերի ընթացքում միայն աշխատում էին հրշեջ-փրկարարներն ու պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները:
Անգամ Նուբարաշենի թաղապետի քթի տակ բռնկված կրակը չէր անհանգստացրել մեծն թաղապետին, որպեսզի գոնե ջրատար ավտոմեքենաներով օգնեին հրշեջներին և միայն խնդրի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խիստ կարգադրությամբ Երևանի վարչական շրջանների բոլոր ղեկավարները շաբաթ-կիրակին իրենց հանգիստը հավանաբար որոշել էին, որ պետք է անցկացնեն Երևանից դուրս կամ ծովափնյա որևէ վայրում, «գրոհել էին» աղբավայրը:
Փրկարարների հետ առաջին օրվանից միայն աշխատել էր Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը: Երեկ առավոտից և մինչև այժմ «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկի աշխատակիցները՝ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կ. Արեյանի և հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի գլխավորությամբ այդ հատվածները հողի շերտով ամբողջությամբ փակել են, ինչի շնորհիվ, կարելի է ասել, հարցը մասամբ լուծվել է, սակայն ամբողջական պետք է խնդիրը լուծվի Կառավարության մակարդակով և ինչպես նշում էին հազարավոր երևանցիներ, ճիշտը աղբի վերամշակման գործարան կառուցելն է:Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» աշխատակիցները, կարելի է ասել, մոտ 3000-ից ավելի բեռնատար հող են տեղափոխել աղբավայր, այսօր էլ աշխատանքները դեռ շարունակվում են: